Իրավիճակն աննորմալ է։ Մոտավորապես այսպես է փորձագետների մեծամասնությունն այս պահին գնահատում արտարժույթի շուկայում կատարվողը: Եթե մարտի սկզբին բառացիորեն բոլորը ռուբլու մահախոսականն էին կազմում, ապա այժմ տրամադրությունները փոխվել են։ Փոխարժեքը վերադարձել է անցյալ տարվա վիճակին։ Բայց թե որքան ժամանակով, անհայտ է։
Ամսվա ամենաարժույթը
Եթե վերցնենք միայն ապրիլը, կստացվի, որ ռուբլին դարձել է ամսվա ամենաուժեղ արժույթը։ Դոլարի նկատմամբ այն աճել է 18%-ով։ Միևնույն ժամանակ, դոլարը ևս գերազանցում է բոլոր ռեկորդները։ Այն միջինում 5%-ով ամրապնդվել է՝ համաշխարհային այլ արժույթների զամբյուղի նկատմամբ։
Եթե նայենք տարեսկզբից վերցրած ժամանակահատվածին, արդյունքները մի փոքր ավելի համեստ կլինեն, բայց նույնիսկ այստեղ է ռուբլին առաջատար՝ նաև այն արժույթների շարքում, որոնք շրջանցել են դոլարը։ Զարգացող երկրների արժույթներից՝ միայն բրազիլական ռեալն է ավելի բարձր դինամիկա ցուցաբերել։ Երկրորդ տեղում ռուսական արժույթն է։ Ապրիլի վերջին Մոսկվայի բորսայում դոլարը վաճառվում էր մոտ 71 ռուբլով, իսկ եվրոն՝ մոտ 75։ Համեմատության համար նշենք, որ մարտի կեսերին համաշխարհային արժույթները հասել են, համապատասխանաբար, 120 և 130 ռուբլու:
Ինչով է պայմանավորված այս հանկարծակի աճը
Ռուբլու ամրապնդման համար միանգամից մի քանի գործոն աշխատեց։ Նախ՝ արտահանման եկամուտների ներհոսքը։ Չնայած պատժամիջոցներին՝ Ռուսաստանը վերջին շրջանում ստանում է ամսական 50 մլրդ դոլար եկամուտ։ Մեկ բարել նավթն արժե ավելի քան 100 դոլար, գազի, մետաղի և պարարտանյութի գները ռեկորդային բարձր են։ Բայց ներմուծումը, ընդհակառակն, կանգ է առել։ Արդյունքում երկրի ներսում սկսեցին հայտնվել արտարժույթի ավելցուկներ։
Երկրորդ՝ կառավարությունը սահմանափակումներ մտցրեց արտահանողների համար։ Նրանցից պահանջվում էր վաճառել իրենց արտարժութային եկամուտների 80%-ը ֆոնդային շուկայում։ Եթե նախկինում դա կարող էին անել՝ ըստ ցանկության, ապա այժմ դա օրենքի խախտում կլինի։
Երրորդ՝ արևմտյան ներդրողներին, ովքեր փող ունեին ռուսական ակտիվներում, արգելվեց դրանք վաճառել։ Փաստորեն, այս միջոցները այժմ սառեցված են, ինչպես Ռուսաստանի՝ դոլարով և եվրոյով միջազգային պահուստները: Իսկ եթե օտարերկրացիները չեն կարողանում վաճառել ռուսական բաժնետոմսերն ու պարտատոմսերը, դա նվազեցնում է ռուբլու վրա ճնշումը։
Չորրորդ՝ Կենտրոնական բանկը բարձր միջնորդավճարներ է սահմանել արտարժույթի գնման համար։ Եվ նաև, ըստ բանկային ոլորտի աղբյուրների, այն անուղղակիորեն առաջարկել է դոլարի և եվրոյի գնման համար չափազանց անբարենպաստ դրույքաչափեր սահմանել։ Դա անիմաստ դարձրեց ֆիզիկական անձանց կողմից արժույթի ձեռքբերումը։ Այս տեսակի գործողության պահանջարկը ցածր է: Ոչ ոք փոխարժեքից 10-15%-ով ավել չի վճարի՝ չկարողանալով կանխիկ գումար ստանալ։
Ինչի սպասել
Ըստ վերլուծաբանների՝ ազգային արժույթի՝ չափազանց բարձր փոխարժեքն այնքան էլ ձեռնտու չէ տնտեսությանը։ Դա նվազեցնում է բյուջեի եկամուտները ռուբլով: Այսինքն, անհրաժեշտ է պետական աշխատողներին վճարել թոշակներ, նպաստներ, աշխատավարձեր և գանձարանից ռուբլով ֆինանսավորել այլ ծախսեր։ Միևնույն ժամանակ, ռուսական արժույթի՝ ավելի բարձր փոխարժեքը հեշտացնում է ներկրողների կյանքը։ Նրանք կարող են օտարերկրյա ապրանքներ գնել ավելի ցածր գնով։ Դա հնարավորություն կտա՝ արագորեն վերականգնել տնտեսությունը նոր ուղիներով և նվազեցնել գնաճային ճնշումը։
Զգացողություն կա, որ որոշակի փոխզիջումային արժեք դեռ հաշվի է առնվում։ Այս արժեքը, ամենայն հավանականությամբ, կլինի 70-80 ռուբլու սահմաններում: Այս եզրակացությունը հաստատվում է նրանով, որ Կենտրոնական բանկը, տեսնելով ռուբլու 70-ից ցածր արժեքից անկումը, արդեն հայտարարել է դրամական որոշ սահմանափակումների վերացման մասին։
Մասնավորապես, Կենտրոնական բանկն առաջարկել է կառավարությանը՝ չեղարկել արտարժութային եկամուտների պարտադիր վաճառքը արտահանողների համար և նվազեցնել հումքի տեսակարար կշիռը՝ 80%-ից հասցնելով 50%։ Սա կարող է մի փոքր դանդաղեցնել ռուբլու արժևորման տեմպերը կամ, նույնիսկ, դադարեցնել այն։
Այս առումով՝ որոշ փորձագետներ կարծում են, որ երկարաժամկետ հեռանկարում դոլարն ու եվրոն կշարունակեն աճել։ Դրա համար կարող է լինել մի քանի պատճառ: Նախ, ավելի ցածր գնաճը ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ համեմատած Ռուսաստանի հետ։ Երկրորդ՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որը կարող է հանգեցնել նավթի գների անկման։ Ճիշտ է, թեև Կենտրոնական բանկը ռուբլին դեռ լողացող է համարում, սակայն ֆինանսական կարգավորող մարմինը բավականաչափ ազդեցություն ունի՝ այն կայուն պահպանելու համար։ Եվ այն թույլ չի տա, որ արժույթը անվտանգ գոտուց հեռու «լողա»։