2022 թվականին «Տինկոֆ»-ը (Tinkoff) կիրականացնի ռեբրենդինգ և կհրաժարվի հին ապրանքանշանի օգտագործումից։
«Ընկերությունը երկար ժամանակ էր պատրաստվում այդ քայլին, և վերջին իրադարձություններն էլ ավելի արդիական դարձրին այս որոշումը»,- ասված է «Տինկոֆ Բանկ»-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։
Նշվում է, որ անվան հետ կապված Tinkoff ապրանքանշանը վաղուց է կորցրել իր արդիականությունը։ «Մենք նոր քայլ ենք անում և առաջ ենք շարժվում. հանուն մեր 20 միլիոն հաճախորդների երջանկության մենք որոշում ենք թողնել Tinkoff ապրանքանշանը պատմության համար և շարունակում ենք զարգացնել լավագույն ֆինանսական պրոդուկտներն ու ծառայությունները ռուսաստանյան շուկայում՝ նոր պայծառ ապրանքանշանի ներքո»,- նշել են ընկերությունում։ Ապրանքանշանի նոր անվանումը չի բացահայտվում։
Հիշեցնենք, որ օրերս Օլեգ Տինկովը Instagram-ում գրառում էր հրապարակել՝ քննադատելով Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունը։ Նա հայտարարել էր, որ չի տեսնում ընթացիկ իրադարձությունների «ոչ մի շահառու», նշել էր, որ «ռուսաստանցիների 90%-ը» դեմ է հատուկ գործողությանը, և «հավաքական Արևմուտքին» անգլերենով կոչ էր արել լինել «ավելի ռացիոնալ և մարդասեր» ու դադարեցնել այն, ինչ տեղի է ունենում։
Այս կապակցությամբ «Տինկոֆ Բանկ»-ը հայտարարել էր, որ չի կարող եւ չի մեկնաբանի «Օլեգ Տինկովի՝ սոցիալական ցանցերում արտահայտած անձնական կարծիքը»։
«Տինկովը երկար տարիներ որոշումներ կայացնող չի եղել «Տինկոֆ» խմբի ընկերություններում, նա «Տինկոֆ»-ի աշխատակից չէ, երկար ժամանակ չի եղել Ռուսաստանում և վերջին տարիներին զբաղվել է իր առողջական խնդիրներով»,- ասված էր հաղորդագրության մեջ։
«Օլեգ Տինկովը մեր 20 միլիոն հաճախորդներից մեկն է։ Մենք գիտենք, որ մեր հաճախորդները տարբեր կերպ են մտածում և հարգում ենք նրանց սեփական կարծիքի իրավունքը՝ անկախ նրանից՝ աջակցում ենք դրան, թե ոչ»,- հայտարարել էր «Տինկոֆ Բանկ»-ը։