ԱՄՆ-ն վեց ամիս (օրական մոտ մեկ միլիոն բարել) նավթ կօգտագործի իր պաշարներից, ինչը նավթի պաշարների արդյունահանման պատմական ցուցանիշ է։ Այն ցույց է տալիս գազի գների բարձրացման և մատակարարման նվազման հետ կապված Սպիտակ տան մտահոգությունը, որը հետևեց Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմանը: Նախագահ Ջո Բայդենը նաև կոչ կանի գերտերություններին՝ խրախուսել էլեկտրական փոխադրամիջոցների և այլ օգտագործման մարտկոցների համար կարևոր հանքանյութերի տեղական արտադրությունը: Մարտկոցային նյութերը կներառվեն 1950թ․ «Ռազմարդյունաբերության մասին» օրենքով նախատեսված առարկաների ցանկում:
Սպիտակ տունը հայտնում է, որ նավթի ռազմավարական պաշարների՝ այդ չափով դուրս բերումն աննախադեպ է: ԱՄՆ կառավարությունը նաև կստիպի Էներգետիկայի միջազգային գործակալությանը՝ համակարգել այլ նավթ սպառող երկրների կողմից նավթի պաշարների դուրսհանումը: Կազմակերպությունը այս հարցը կքննարկի մոտակա օրերին։ ԱՄՆ վարչակազմն ակնկալում է, որ այլ երկրները նույնպես կավելացնեն նավթի արդյունահանումը, բայց՝ ոչ այնքան, որքան՝ ԱՄՆ-ն:
Երբ Էներգետիկայի միջազգային գործակալության անդամները այս ամսվա սկզբին համաձայնվեցին արդյունահանել համակցված 61,7 միլիոն բարել, ԱՄՆ ներդրումը կազմեց 30 միլիոն բարել, իսկ բրիտանացիները դրան ավելացրին 2,2 միլիոն բարել նավթ:
Նավթի պաշարների դուրսհանումը չի ուղեկցվի ՕՊԵԿ+ պետությունների՝ նավթի արդյունահանման ծավալների մեծացմամբ, այլ՝ կհետևի աստիճանաբար ընդլյանման իր տեմպերին: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ՕՊԵԿ+-ը, որի մեջ մտնում է նաև Ռուսաստանը, հաստատել է մայիսին օրական 432 հազար բարելով մատակարարումը մեծացնելու գործող ծրագիրը։
Բայդենի ծրագրի նպատակն է՝ ապահովել ԱՄՆ-ի նավթի մատակարարումը մինչև աշուն, երբ ակնկալվում է տեղական արտադրության աճ: Իր հայտարարության մեջ Սպիտակ տունը քննադատել է ԱՄՆ էներգետիկ ընկերություններին՝ արտադրությունը ավելի արագ չմեծացնելու համար:
Արտադրության ծավալները մեծացնելուց ՕՊԵԿ+ երկրների հրաժարումը կարող է չեզոքացնել ԱՄՆ նավթի պաշարների դուրսհանումից ակնկալվող էֆեկտը:
ԱՄՆ-ի բենզինի գները ռեկորդային բարձր մակարդակի են հասել, նույնիսկ՝ այն բանից հետո, երբ Բայդենը նախկինում հայտարարել էր, որ նոյեմբեր և մարտ ամիսներին թողարկվել է 80 միլիոն բարել։ Ըստ «AAA» ավտոակումբի տվյալների՝ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ գալոնն արժե միջին հաշվով 4,23 ԱՄՆ դոլար, իսկ Կալիֆորնիայում՝ գրեթե 6 ԱՄՆ դոլար։
Սպիտակ տունը Ռուսաստանի նախագահ Պուտինին է մեղադրել բենզինի և էներգիայի բարձր գների մեջ: Բայդենի ադմինիստրացիան հայտնել է, որ Ռուսաստանի շարունակվող ներխուժումը Ուկրաինա ավելի է խաթարում համաշխարհային էներգետիկ շուկաները:
Գների կտրուկ աճը նոյեմբերին ծանր հետևանքներ կարող է ունենալ Սպիտակ տան քաղաքական հավակնությունների համար, երբ ընտրողները որոշում կկայացնեն՝ արդյոք Բայդենի կուսակցությունը կպահպանի իր վերահսկողությունը Կոնգրեսում: Նախագահը ջանքեր է գործադրում նվազեցնելու համար թե՛ բենզինի գները, թե՛ ավելի մեծածավալ ինֆլյացիան, որը գտնվում է 40 տարվա ցուցանիշի վրա, քանի որ համաշխարհային տնտեսությունն այժմ համաճարակի հարուցած հետևանքների հաղթահարման փուլում է:
Նախորդ անգամ ԱՄՆ-ի պաշարներից նավթի օգտագործումը ազդեցություն չունեցավ գների կարգավորման վրա: Թեև պաշարներում եղած նավթը վաճառվել կամ փոխանակվել է մոտ երկու տասնյակ անգամ, ներառյալ՝ մատակարարման խափանումները մեղմելը, դեֆիցիտը նվազեցնելն ու դաշնային ծախսերը հոգալը, այն երբեք այս մասշտաբով չի եղել: Ըստ Էներգետիկայի նախարարության տվյալների՝ մարտի 25-ի դրությամբ նավթի ազգային պաշարներում մնացել է 568 մլն բարել: