Ֆինանսներ

2022թ․ Ռուսաստանը նավթի և գազի արտահանումից կարող է վաստակել մեկ երրորդով ավել եկամուտ

Bloomberg Economics-ի վերլուծաբանները հաշվարկել են, որ 2022 թվականի արդյունքներով Ռուսաստանը նավթի և գազի արտահանումից կարող է վաստակել մոտ $321 միլիարդ, ինչը մեկ երրորդով ավել է, քան 2021 թվականին։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ ՝ փորձագետները նշում են, որ նման արդյունքը հնարավոր է, չնայած Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին և պատժամիջոցներին, որոնք սահմանվել են ի պատասխան ՌԴ հատուկ գործողության։

Նման եզրահանգման են եկել նաեւ Վաշինգտոնի Միջազգային ֆինանսների ինստիտուտի (IIF) աշխատակիցները։ «Ռուսաստանի ընթացիկ գործարքների հաշվի պրոֆիցիտի խոշորագույն շարժիչ ուժը մնում է ամուր»,- մեջբերում է կազմակերպության զեկույցը Bloomberg-ը։ IIF-ն ակնկալում է, որ 2022 թվականին Ռուսաստանի ընթացիկ հաշվի պրոֆիցիտը կկազմի ռեկորդային $240 միլիարդ:

Goldman Sachs-ի կանխատեսմամբ՝ այս տարի սալդոն կկազմի $205 միլիարդ, ինչը թույլ կտա ԿԲ-ին բավարարել մասնավոր հատվածի արտարժույթի պահանջարկը և, ի վերջո, թուլացնել կապիտալի շարժի նկատմամբ վերահսկողությունը:

TS Lombard հետազոտական ընկերության վերլուծաբանները կանխատեսում են, որ ռուբլու կտրուկ արժեզրկման և նավթի գների աճի համակցությունը Ռուսաստանի բյուջե կբերի լրացուցիչ 8,5 տրիլիոն ռուբլի ($103 միլիարդ): «Առողջ հաշվեկշիռը» կօգնի կառավարությանը պահպանել պետական ծախսերը կապիտալի միջազգային շուկաներ մուտքի բացակայության պայմաններում, թեև դա չի փրկի Ռուսաստանը «խորը ռեցեսիայից», նշում են փորձագետները:

Նավթից և գազից Ռուսաստանի եկամուտների աճի հետ կապված իրավիճակը կարող է փոխել միայն ռուսաստանյան հումքի խոշորագույն ներկրողների կողմից էներգետիկ էմբարգոն, գրում է Bloomberg-ը։ Դեռևս միայն մի քանի երկրներ են սահմանափակել մատակարարումներն, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, մինչդեռ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը՝ Գերմանիան, դեմ է էներգետիկ ոլորտի դեմ պատժամիջոցներին, նշում է գործակալությունը։

«Ածխաջրածինների վաճառքից ստացված եկամուտները փրկօղակ են Ռուսաստանի տնտեսության համար, որոնք օգնում են մեղմել կոշտ պատժամիջոցների հետևանքները և կանխել վճարային հաշվեկշռի ճգնաժամը: Բայց նույնիսկ առանց էներգետիկ էմբարգոյի, գնաճը սրընթաց աճում է, և խորը ռեցեսիան անխուսափելի է»,- նշել է Bloomberg Economics-ի վերլուծաբան Սքոթ Ջոնսոնը:

Արևմտյան պատժամիջոցները կկործանեն ռուսաստանյան տնտեսության «ոչ էներգետիկ մասը», ինչի արդյունքում «Ռուսաստանն էլ ավելի կախված կլինի էներգակիրներից», կանխատեսում է TS Lombard-ի փորձագետ Մադինա Խրուստալևան։