Ֆինանսներ

Ամերիկյան «Նիկոլա» ստարտափը թողարկել է իր առաջին էլեկտրական բեռնատարը

Ամերիկյան «Nikola» ստարտափը չորեքշաբթի հայտարարել է իր առաջին «Tre» էլեկտրական բեռնատարի արտադրության մեկնարկի մասին: Արտադրությունը սկսվել է երկուշաբթի՝ Արիզոնա նահանգի Քուլիջ քաղաքում: Ընկերությունը նախատեսում է բեռնատարների մատակարարումներն սկսել այս տարվա երկրորդ եռամսյակում։ «Նիկոլա»-ն ակնկալում է 2021թ. վաճառել 300-500 մեքենա, իսկ հաջորդ տարի ավելացնել արտադրության ծավալները։

Էլեկտրական «Tre» մոդելը նախատեսված է կարճ հեռավորությունների վրա ապրանքներ տեղափոխելու համար։ Այն մեկ լիցքավորմամբ հաղթահարում է մոտավորապես 350 մղոն (563 կմ): Ընկերությունը նաև մշակում է «Tre»-ի՝ ջրածնային շարժիչով տարբերակը, որը կկարողանա հաղթահարել մինչև 500 մղոն (804 կմ) տարածություն: Արտադրողը հաստատել է, որ դրա մատակարարումները կսկսվեն 2023թ․ վերջին։