Ֆինանսներ

Tesla-ն գործարան է բացել Գերմանիայում

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը Գերմանիայում պաշտոնապես բացել է ընկերության նոր արտադրամասը, որի կառուցումը արժեցել է ավելի քան 5 մլրդ եվրո: Բացման արարողության ժամանակ Մասկը հայտնել է, որ նոր գործարանը հիմք կհանդիսանա ինչպես էլեկտրամեքենաների, այնպես էլ՝ մարտկոցների արտադրության համար։

Tesla's Gigafactory-ն, որը Բեռլինի մերձակայքում գտնվող Գրյունհեյդե քաղաքում է, մեքենաներ կարտադրի եվրոպական շուկայի համար, որը մինչ այժմ մեքենաներ է ստացել ԱՄՆ-ից և Չինաստանից: Նախատեսվում է, որ ձեռնարկությունը կկարողանա տարեկան արտադրել մինչև 500 հազար էլեկտրամեքենա և ստեղծել մինչև 12 հազար աշխատատեղ: Առաջին փուլում այստեղ կարտադրվեն  Tesla Model Y կոմպակտ քրոսովերներ։

Երեքշաբթի օրը Մասկը հաճախորդներին է հանձնել նոր գործարանում արտադրված առաջին մեքենաներից 30-ը: «Մեր արտադրած յուրաքանչյուր էլեկտրամեքենա կլինի ևս մեկ քայլ՝ դեպի կայուն էներգետիկ ապագա»,- ասել է նա բացման արարողության ժամանակ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հավանություն է տվել Tesla-ի գործարանի կառուցմանը՝ հուսալով, որ դա կաջակցի տարածաշրջանի տնտեսությանը։

Փորձագետները, սակայն, նշում են, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, որը սրել է բաղադրիչների պակասի խնդիրը, կվատթարացնի Tesla-ի նոր գործարանի արտադրական հնարավորությունները։ «Tesla-ն չի կարող ամբողջությամբ մեկուսացնել իրեն մատակարարման խափանումների խնդրից»,- ասել է Ավտոմոբիլային կառավարման կենտրոնի տնօրեն Ստեֆան Բրատցելը։

Գերմանական CAR Center Automotive Research-ի փորձագետներն ակնկալում են, որ Tesla-ի գերմանական գործարանը այս տարի կարտադրի առնվազն 100 հզ ավտոմեքենա, իսկ 2023-ից արտադրությունը կտրուկ կաճի։