Էլեկտրոնիկա արտադրող չինական «Xiaomi Corp․»-ը չորրորդ եռամսյակում կտրուկ կրճատել է իր զուտ շահույթը՝ խոշոր դուրսգրումների պատճառով, մինչդեռ ընկերության եկամուտներն աճել են: «Անցած եռամսյակի զուտ շահույթը նվազել է մինչև 2,44 մլրդ յուան (383,9 մլն դոլար)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8,8 մլրդ յուանի համեմատ»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Շահույթի անկման պատճառ է դարձել 3,14 մլրդ յուանի ներդրումների դուրսգրումը։
Միևնույն ժամանակ, ընկերության հասույթը՝ տարեկան կտրվածքով, աճել է 21%-ով և կազմել 85,58 մլրդ յուան: Եկամուտների աճն ապահովվել է ինչպես ֆիզիկական առումով, այնպես էլ վաճառքի գների աճով։ Ընկերությունը նշել է, որ անցյալ տարի արտասահմանյան գործառնություններից ստացված եկամուտն աճել է 33,7%-ով և կազմել 163,6 մլրդ յուան՝ կազմելով «Xiaomi»-ի ընդհանուր եկամուտի 49,8%-ը:
Անցյալ տարի ընկերությունը վաճառել է 190,3 միլիոն հեռախոս, ինչը 30%-ով ավելի է 2020թ. համեմատ: Սա ռեկորդային աճ է սմարթֆոնների աշխարհի 5 առաջատարների շրջանում։ «Canalys»-ի գնահատականներով՝ «Xiaomi»-ն 2021 թվականին աշխարհում առաջատար սմարթֆոններ արտադրողների ցանկում զբաղեցրել է երրորդ տեղը՝ շուկայի 14,1% մասնաբաժնով։