Ֆինանսներ

Չինաստանի տնտեսական տեմպերի նվազման ռիսկերը և ուկրաինական ճգնաժամը

Ուկրաինայի շուրջ ծագած ճգնաժամի պայմաններում հավանական կարճաժամկետ ռիսկերը Չինաստանի տնտեսության համար կառավարելի են, սակայն երկարաժամկետ հեռանկարում՝ Չինաստանի տնտեսության և միջազգային ազդեցության համար ռիսկերը գնալով մեծանում են: Գրեթե չկան սցենարներ, որոնց դեպքում Չինաստանը լիովին անվնաս դուրս կգա այս ճգնաժամից:

Չինաստանի առևտրային կապերը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ անէական չեն, 2021-ին դրանք գնահատվել են 147 և 19 միլիարդ դոլար՝ համապատասխանաբար: Իրականացվող առևտրաշրջանառության մի հատվածը միանշանակորեն կզգա հակամարտության և հետագա պատժամիջոցների ազդեցությունը, որոնց պատճառով այդ ոլորտներում գործող չինական ընկերությունները կորուստներ կկրեն: Չինական արտահանումը Ռուսաստան, որը հիմնականում պատրաստի արտադրանք է, նույնպես կտուժի: Սա կներառի այնպիսի տեխընկերություններ, ինչպիսիք են Xiaomi-ն, Lenovo-ն և SMIC-ը, որոնք մեծաքանակ վաճառք էին իրականացնում Ռուսաստանում: Ներմուծումը նույնպես խնդրահարույց կլինի:

Չինաստանը, կարծես, վերսկսել է ցորենի առևտուրը, բայց հստակ չէ, թե որքան ավելցուկային (թաքնված) պահանջարկ կա Չինաստանում, և երկրի հյուսիս-արևելքում ցորենի մշակմամբ զբաղվողները հիացած չեն լինի: Որոշ հումքային ապրանքների ներմուծումը, ինչպիսիք են պոտաշը, ալյումինը և նիկելը, հնարավոր է, կրճատվի պատժամիջոցների հետևանքով՝ բերելով արտադրողների կողմից գների բարձրացմանը Չինաստանում: Ամենամեծ փոփոխականը այժմ բնական գազի հարցն է: Հնարավոր է, որ Չինաստանը Ռուսաստանից խելացի կերպով նոր մատակարարումներ է ապահովել, սակայն պատժամիջոցները կարող են բնական գազի մատակարարումն ու գները ավելի անկայուն դարձնել։ Իսկ ավելի մեծ ծավալով ռուսական գազի ներմուծումը կարող է նաև խոչընդոտել իր էներգետիկ անցումն ավելի ակտիվ իրականացնելուն, որը եղել է Չինաստանի տնտեսական և դիվանագիտական մեծ նպատակը:

Սակայն Պեկինի և Չինաստանի ռիսկերը, ընդհանուր առմամբ, արագընթաց կերպով մեծանում են, երբ դիտարկում ենք դրանք՝ ավանդական առևտրական ակտիվությունից զատ, ապագայի հեռանկարում: Ամենաճնշող ազդեցությունը կզգան ֆինանսական ինստիտուտներն ու տեխնոլոգիաներ արտադրողները: Չինական արտադրողների կրած ուղղակի կորուստները կլինեն մի քանի միլիարդ դոլարից ոչ պակաս. դա, սակայն, կկազմի իր տնտեսական ակտիվության միայն մի փոքր տոկոսը: 

Այնուամենայնիվ, ուկրաինական ճգնաժամի մեծագույն սպառնալիքը Պեկինի համար այն է, որ դա կարող է դառնալ առանցքային՝ համաշխարհային պատմության մեջ, ինչը Չինաստանի համար դժվար է դարձնում իր գերակա հավակնությանը հասնելը, այն է՝ դառնալ ռազմական և տնտեսական գերտերություն, որը անվտանգության երաշխավոր կլինի աշխարհի կապիտալիստական ու ավտորիտար ռեժիմների համար:

Թեև Չինաստանը վերջին տասնամյակների ընթացքում հասել է աննախադեպ աճի և այժմ աշխարհի ամենամեծ վաճառք իրականացնողն ու արտադրողն է, իսկ նորարարության բնագավառում մոտենում է ամենաբարձր դիրքերին, նա պատրաստ չէ զարգանալ մասնատված կամ անջատված աշխարհում: Չինաստանի տնտեսությունը դեռևս ունի կրիտիկական թույլ կողմեր, որոնք արտացոլված են տնտեսական աճի մեջ ունեցած աշխատանքի արդյունավետության նվազող ներդրումով, պարտքերով, անարդյունավետ ֆինանսական համակարգով, ակնհայտ անհավասարությամբ, ծերացող բնակչությամբ, էնդեմիկ աղտոտվածությամբ ու ընդլայնվող կարբոնային թափոններով: Չինաստանի կենտրոնացված, լենինիստական համակարգը օգնեց լուծել որոշ խնդիրներ, սակայն քողարկեց դրանցից որոշները, իսկ որոշներն էլ դարձրեց դժվար լուծելի: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, ոչ մի երկիր չի կարող բարգավաճել և նորարարական ձեռքբերումներ ունենալ՝ միայն ինքն իրենով: Սա հատկապես ճիշտ է Չինաստանի դեպքում: Գլոբալիզացիան՝ խորը տնտեսական, անհատական և տեղեկատվական կապակցվածությունը մնացած աշխարհին, լրացրին ներսում եղած շատ թերություններ: Եթե Չինաստանը չլավացնի իր հարաբերությունները Արևմուտքի հետ, ապա այս թերությունները ավելի արտահայտված կդառնան՝ դանդաղեցնելով երկրի տնտեսական աճը և սրելով ներսում եղած սոցիալական և քաղաքական լարվածությունները: