Ուկրաինայում ներկայիս ճգնաժամի հետևանքները կանդրադառնան համաշխարհային ամբողջ տնտեսության վրա, դա կարտահայտվի, այդ թվում՝ դանդաղ աճով և բարձր գնաճով, ինչպես նաև առևտրի խափանումներով:
Այս մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի, Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մելպասի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի, Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերի, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի Զարգացման բանկի նախագահ Կարլո Մոնտիչելիի նախօրեին տարածած համատեղ հայտարարության մեջ։
«Հետևանքները կլինեն մասշտաբային՝ սկսած էներգիայի և պարենի մատակարարումների կրճատումից, վերջացրած գների բարձրացմամբ և աղքատության ավելացմամբ»,- ասված է փաստաթղթում։ Ընդգծվում է, որ այս բոլոր գործոնները, ինչպես նաև Ուկրաինայի վերակառուցման անհրաժեշտությունը, «կխոչընդոտեն համավարակից հետո աշխարհում տնտեսական վերականգնմանը»։
«Ամբողջ համաշխարհային տնտեսությունը կզգա ճգնաժամի հետևանքներն ավելի դանդաղ աճի, առևտրի խափանումների, ավելի բարձր գնաճի հաշվին, ինչը վնաս կհասցնի հատկապես առավել աղքատ և խոցելի երկրներին: Ապրանքների ավելի բարձր գները, ինչպիսիք են՝ սննդամթերքը և էներգիան, կհանգեցնեն գնաճի էլ ավելի ավելացմանը։
Հատկապես Ուկրաինային սահմանակից երկրները կբախվեն առևտրի, մատակարարման շղթաների, դրամական փոխանցումների խափանումների և փախստականների հոսքի հետ: Վստահության կրճատումը և ներդրողների համար ավելի մեծ անորոշությունը կազդեն ակտիվների արժեքի վրա, կհանգեցնեն ֆինանսական պայմանների խստացմանը և նույնիսկ կարող են առաջացնել կապիտալի արտահոսք արագ զարգացող շուկաներից»,- ասված է հայտարարության մեջ: