Ամերիկյան BlackRock ներդրումային ընկերությունը, որն աշխարհում ամենախոշորն է կառավարող ակտիվների ծավալով, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության պատճառով մոտ $17 մլրդ է կորցրել ռուսաստանյան արժեթղթերում ներդրումներից։
Հունվարի վերջի դրությամբ BlackRock-ի հաճախորդները տնօրինում էին ավելի քան $18,2 միլիարդ գումարի ռուսաստանյան ակտիվներ։ Սակայն Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների կիրառումից, ինչպես նաև ռուսաստանյան շուկաների փաստացի փակումից հետո ներդրումային ընկերությունը ստիպված եղավ դուրս գրել արժեթղթերի արժեքը․ դրանց վաճառքը գրեթե անհնար էր դարձել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։
BlackRock-ն ամբողջությամբ դադարեցրել է ռուսաստանյան արժեթղթերի գնումները փետրվարի 28-ին և նույն օրը տեղեկացրել, որ Ռուսաստանի մասնաբաժինն իր կողմից կառավարվող ընդհանուր ակտիվներում նվազել է մինչև 0,01%: Ռուսաստանյան արժեթղթերի ընդհանուր արժեքը փետրվարի 28-ին կազմում էր մոտ $1 միլիարդ, հայտարարել է BlackRock-ի ներկայացուցիչը՝ այս նվազումը բացատրելով ակտիվների վերագնահատմամբ, այլ ոչ թե վաճառքով։
Ընդհանուր առմամբ, BlackRock-ը կառավարում է ավելի քան $10 տրիլիոնի ակտիվներ: