ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի հակամենաշնորհային իշխանությունները պաշտոնական հետաքննություն են սկսել Google-ի և Facebook-ի նկատմամբ՝ կապված առցանց գովազդի շուկայում տեխնոլոգիական հսկաների պայմանավորվածությունների հետ: Եվրահանձնաժողովը և Մեծ Բրիտանիայի Մրցակցության և շուկաների մարմինը հայտնել են, որ ուսումնասիրում են Google-ի և Facebook-ի միջև 2018թ․ համաձայնագրի վերաբերյալ տեղեկատվությունը, որն առաջին անգամ հայտնվեց ԱՄՆ-ի պետական հակամենաշնորհային հայցով, որը ներկայացվել էր 2020-ի վերջին՝ Google-ի դեմ:
Հայցում ասվում է, որ Google-ը Facebook-ին հատուկ պայմաններ է տրամադրել՝ գովազդային աճուրդներին մասնակցելու համար, որոնց ընթացքում ընկերությունը որոշում է, թե որ գովազդը որ օգտատիրոջը ցուցադրի, փոխարենը Facebook-ը չօգտագործի տեխնոլոգիա, որը կարող է մրցակցել Google-ի հետ առցանց գովազդի շուկայում: Ե՛վ Alphabet, և՛ Meta հարթակները հերքում են, որ Google-ը Facebook-ին որևէ նախապատվություն տվել է:
«Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնական հետաքննության բացումը ընթացակարգային քայլ է, որին կարող են հետևել մեղադրանքներ, եթե կարգավորողները հաստատեն սխալ արարքը: Այնուամենայնիվ, կա նաև հավանականություն, որ մեղադրանքներ չլինեն»․ նշում է The Wall Street Journal-ը։