Ֆինանսներ

JCB վճարային համակարգը այլընտրանք չի դառնա Visa-ին և Mastercard-ին

Ճապոնական JCB վճարային համակարգը որոշել է դադարեցնել իր գործունեությունը Ռուսաստանում։ 

«Ռուսաստանում թողարկված JCB քարտերը չեն սպասարկվի արտասահմանում, այլ երկրներում թողարկվածները՝ Ռուսաստանում»,- ասվել է հաղորդագրության մեջ։
Nikkei թերթի տվյալներով՝ այս միջոցներն ուժի մեջ կմտնեն մարտի 14-ից։

JCB-ն ստեղծվել է 1961 թվականին, Ճապոնիայի խոշորագույն վճարային համակարգն է և աշխարհի յոթ առաջատար վճարային համակարգերից մեկը: Քարտերի ընդունման կետերի թվով այն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում վճարային համակարգերի շարքում։ JCB-ի քարտերն ընդունվում են վճարման համար 190 երկրում։

Հատկանշական է, որ այն բանից հետո, երբ Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը որոշեցին դադարեցնել իրենց աշխատանքը Ռուսաստանում, JCB-ն դիտարկվում էր որպես այլընտրանք այս համակարգերին։ Մասնավորապես, JCB քարտերը կարող էին փոխարինել Visa-ին և Mastercard-ին։ JCB քարտերը թողարկվում էին ռուսաստանյան որոշ բանկերի կողմից: Բացի այս Ռուսաստանում թողարկվում էին «Мир»-JCB քոբրենդինգային քարտերը: