Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին՝ նավթագազային հսկա, «Shell» ընկերությունը շաբաթ օրը՝ մարտի 5-ին, Twitter-ի իր էջում հայտարարություն է տարածել՝ բացատրելով Ռուսաստանի Դաշնությունից հում նավթ գնելու պատճառները։ «Երեկ մենք դժվար որոշում կայացրինք՝ գնել ռուսական հում նավթի բեռներ: Մեր նավթավերամշակման գործարանները արտադրում են բենզին և դիզելային վառելիք, ինչպես նաև ապրանքներ, որոնց կարիքը մարդիկ ամեն օր ունեն», - ասվում է փաստաթղթում:
«Հստակ լինելու համար, առանց նավթավերամշակման գործարաններին հում նավթի անխափան մատակարարման, էներգետիկ արդյունաբերությունը չի կարողանա ապահովել հիմնական ապրանքների կայուն մատակարարում ողջ Եվրոպայում առաջիկա շաբաթների ընթացքում: Այլընտրանքային աղբյուրներից առաքումները բավական արագ չեն հասնի մատակարարման խափանումներից խուսափելու համար», - հավելել են ընկերությունում։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Shell-ը կշարունակի փոխարինել ռուսական նավթամթերքը այլընտրանքներով «որտեղ հնարավոր է»: «Սակայն դա չի կարող տեղի ունենալ մեկ գիշերում՝ այն կարևոր դերի պատճառով, որը Ռուսաստանը խաղում է մատակարարման համաշխարհային շղթայում», - հայտնել են ընկերությունում։