Ֆինանսներ

Ինչպե՞ս է պատերազմն Ուկրաինայի դեմ սպանում ռուբլին և ռուսական տնտեսությունը

Առայժմ Ուկրաինայի դեմ Պուտինի սանձազերծած պատերազմի տնտեսական ամենատեսանելի հետևանքները ռուսների համար լինելու են ռուբլու փլուզումը (դոլարն արժե ավելի քան 100 ռուբլի, եվրոն՝ ավելի քան 110 ռուբլի), բանկոմատների առջև հերթերը և դժվարությունները քարտային գործարքներում։ Ռուսաստանում ֆինանսական իրավիճակի կտրուկ վատթարացման մեկ այլ հստակ ցուցանիշ է Ռուսաստանի ԿԲ բազային դրույքի աննախադեպ կրկնապատկումը՝ փետրվարի 28-ի առավոտյան մինչև 20%: Դրան հաջորդեց ռուսական բանկերում վարկերի գների բարձրացումը, այդ թվում՝ սպառողական և հիփոթեքային։ Սա կարող է փչացնել նրանց ծրագրերը, ովքեր պատրաստվում էին մեծ գնումներ անել վարկի միջոցով, բայց, հատկապես, կհարվածի բոլոր նրանց, ովքեր տեսանելի ապագայում պետք է վերաֆինանսավորեն առկա վարկերը։

Ռուբլին դադարել է լինել ազատ փոխարկվող արժույթ

«Նման լայնածավալ պատժամիջոցներից հետո ռուբլին այլևս ազատ փոխարկելի արժույթ չէ», - ասում է Ֆրիդրիխ Հայնեմանը՝ Մանհայմի Եվրոպական տնտեսական հետազոտությունների կենտրոնից (ZEW): Նրա կարծիքով՝ դրամավարկային տեսանկյունից Ռուսաստանը հետ է մղվել մինչև 1990-ականների սկիզբ. «Ուկրաինայի վրա ռուսական հարձակումից հետո Ռուսաստանում ակտիվները և ռուբլին ֆինանսական շուկաներում ակնթարթորեն աղբի վերածվեցին»: Շատ լրատվամիջոցների ուշադրությունը կենտրոնացած է SWIFT դրամական փոխանցումների միջազգային տեղեկատվական համակարգից ռուսական բանկային հատվածի՝ մոտավորապես 70%-ի անջատման վրա, առանց որի՝ արտահանման-ներմուծման գործառնություններ գործնականում չեն կարող իրականացվել։

ՌԴ Կենտրոնական բանկի արտարժութային պահուստները արգելափակվում են 

«Ակնհայտ է, որ ՌԴ Կենտրոնական բանկի արժութային պահուստների ⅔-ն այժմ արգելափակված է», - նշում է պատժամիջոցների փորձագետ Ջոնաթան Հաքենբրոյխը՝ Բեռլինի արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի (ECFR) վերլուծական կենտրոնից: Խոսքը ՌԴ ԿԲ ոսկեարժութային այն պահուստների մասին է, որոնք պատերազմի սկզբում հասել էին ռեկորդային ծավալի՝ 643 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Այսպիսով, հաշված օրերի ընթացքում Ռուսաստանը բախվեց արտարժույթի սուր պակասի։ Այդ մասին է վկայում փետրվարի 28-ին ՌԴ նախագահ Պուտինի հրամանագիրը, որի նպատակն է հնարավորինս շատ արտարժույթ հանել ռուսական բիզնեսից և, միևնույն ժամանակ, արգելել օտարերկրյա ներդրողներին՝ արտահանել ռուսական շուկայում վաստակած գումարները։

Ռուսաստանի տնտեսությունը զրկվում է ներմուծումից


«Առայժմ մենք տեսնում ենք առաջին հարվածային ալիքները, որոնք հարվածում են ֆինանսական շուկաներին: Ռուսաստանի տնտեսությունը կզգա այս ամենի ծանր հետևանքները, երբ կորցնի կարևոր մատակարարումները», - ասում է Համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի (IfW) փոխնախագահ, պրոֆեսոր Ստեֆան Կուտսը: Այժմ, ըստ նրա, աշխատանքի միջազգային բաժանման շրջանակներում Ռուսաստանի կարևոր կապերը խզվում են, և դա շուտով ցավալի հարված կհասցնի նրա տնտեսությանը։ Այդ կապերը կխզվեն առաջին հերթին ռուբլու կտրուկ արժեզրկման պատճառով (պատերազմի սկզբից՝ առնվազն 30%-ով), ինչի արդյունքում անհամար ռուսական ընկերություններ այլևս չեն կարողանա ներմուծել արտասահմանյան հումք, բաղադրիչներ կամ արդյունաբերական սարքավորումներ: Էլ չասած՝ սպառողական ապրանքների, սննդի ու դեղորայքի մասին։

Միևնույն ժամանակ, ազդեցություն կունենան ռուսական ընկերությունների և բիզնեսի որոշակի տեսակների դեմ միջազգային պատժամիջոցները, ինչպես նաև՝  տարբեր ընկերությունների՝ բիզնես անելուց զերծ մնալը Եվրոպայում պատերազմ սանձազերծած երկրում։ Այսպիսով, շատ մոտ ապագայում ռուսները կկանգնեն կատարվածի հետագա հետևանքների առաջ՝ արտադրության դադարեցում կամ, նույնիսկ, ամբողջական անջատում՝ բաղադրիչների բացակայության պատճառով, աշխատավարձերի ուշացումներ կամ կրճատումներ, բիզնեսի կործանում, գործազրկություն, բնակչության մատակարարման ընդհատումներ և, իհարկե, մեծ գնաճ:

Ըստ՝ DW-ի