Գերմանական «Daimler Truck AG»-ին է պատկանում «ԿամԱԶ»-ի բաժնետոմսերի 15%-ը: Ծանր բեռնատարների ռուսական խոշորագույն արտադրողը հայտնվել է ԵՄ պատժամիջոցների տակ:
«Գերմանական «Daimler Truck AG »ավտոկոնցեռնը դադարեցնում է համագործակցությունը ռուսական «ԿամԱԶ»-ի հետ, որը հայտնվել է ԵՄ պատժամիջոցների տակ՝ Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով։ «DK Rus» համատեղ ձեռնարկությունը Նաբերեժնիե Չելնիում դադարեցնում է բեռնատարների արտադրությունը և բաղադրիչների մատակարարումը», - երկուշաբթի՝ փետրվարի 28-ին, «Handelsblatt» թերթին ասել են «Daimler»-ից:
Մասնավորապես, նշվում է, որ «ԿամԱԶ»-ը Ռուսաստանում բեռնատարների և ավտոբուսների առաջատար արտադրողն է և երկար տարիներ ռուսական բանակի համար զրահատեխնիկա է արտադրում։ «Daimler Trucks»-ի մայր կոնցեռնը՝ Շտուտգարտի ավտոարտադրող «Mercedes-Benz»-ը, ներկայումս խորհրդակցում է իրավաբանների հետ, թե ինչպես հնարավորինս շուտ ազատվել «ԿամԱԶ»-ի 15% բաժնեմասից:
Ընկերության հիմնական բաժնետերը «Rostec» պետական կորպորացիան է (47,1%), որը հայտնվել է Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում։ Բացի «Rostec»-ից և «Daimler»-ից՝ «ԿամԱԶ»-ի համասեփականատերերն են «Ավտոինվեստ» ՍՊԸ-ն (23,54%), «KamAZ International»-ը (4,25%), Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ, 3,72%) և Թաթարստանի կառավարությանը պատկանող «Սվյազինվեստնեֆտեխիմ» ԲԲԸ-ն ( 2.8%)։
«ԿամԱԶ»-ի գործադիր տնօրեն Սերգեյ Կոգոգինն ավելի վաղ հայտնել էր, որ իր ընկերությունը Ռուսաստանի կառավարության հետ համաձայնեցրել է հետագա գործողությունների պլանը և կկատարի մատակարարների հանդեպ իր պարտավորությունները: