Ֆինանսներ

Ռուսական ԿԲ-ն տոկոսադրույքը աննախադեպ բարձրացրել է տարեկան 9,5%-ից մինչև 20%

Ռուսաստանի Բանկի (ԿԲ) տնօրենների խորհուրդը որոշել է 2022 թվականի փետրվարի 28-ից հիմնական տոկոսադրույքը բարձրացնել տարեկան 9,5%-ից մինչև 20%: ԿԲ-ն նման որոշման անհրաժեշտությունը բացատրել է Ռուսաստանի տնտեսության համար արտաքին պայմանների «արմատական փոփոխությամբ»։ 

Ինչպես պարզաբանել են ԿԲ-ից, հիմնական տոկոսադրույքի կտրուկ աճը կհանգեցնի ռուսաստանյան բանկերում ավանդների տոկոսադրույքների նույնքան լուրջ աճի, ինչը պետք է փոխհատուցի ավանդատուներին «դեվալվացիոն և գնաճային ավելացող ռիսկերը»:

Կարգավորիչն այս քայլին է դիմել արտահերթ նիստի ժամանակ՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության հետևանքով շուկաների փլուզման ու ռուսաստանյան խոշոր բանկերի և, ինչն ավելի կարևոր է, հենց Կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցների կիրառման ֆոնին:

Ավանդաբար տոկոսադրույքին նվիրված նիստը պետք է կայանար մարտի 18-ին։ Վերջին անգամ Կենտրոնական բանկը տոկոսադրույքի վերաբերյալ արտահերթ որոշում էր կայացրել 2014 թվականի դեկտեմբերին․ այն ժամանակ կեսգիշերից հետո ռուբլու փլուզման ֆոնին նա հայտարարեց տոկոսադրույքը 10,5-ից մինչև 17% բարձրացնելու մասին: Հիմնական տոկոսադրույքի նոր ցուցանիշը՝ 20%, բացարձակ ռեկորդ է Ռուսաստանի պատմության մեջ։

Կենտրոնական բանկը մտադիր է ապագայում փոխել հիմնական տոկոսադրույքը՝ «ելնելով արտաքին և ներքին պայմաններից եկող ռիսկերի գնահատումից», ինչպես նաև ֆինանսական շուկաների արձագանքից այդ սպառնալիքներին՝ հաշվի առնելով «գնաճի փաստացի եւ սպասվող դինամիկան»,- ասված է հայտարարության մեջ։