SWIFT-ը նշանակում է «Society for Worldwide Interbank Financial Telecommunication». անվտանգ հաղորդագրությունների համակարգ, որը հեշտացնում է արագ, անդրսահմանային դրամական փոխանցումներն ու վճարումները: Ստանդարտացված SWIFT անվտանգ հաղորդագրությունների համակարգը մեծ վստահություն է վայելում և թույլ է տալիս բանկերին արագ մշակել մեծ ծավալի գործարքներ: Բելգիական համակարգը ստեղծվել է 1970թ., և ներառում է այն օգտագործող հազարավոր ֆինանսական հաստատություններ: Հենց այն դարձավ միջազգային ֆինանսական հաղորդակցության հիմքը։ 2020թ. SWIFT հարթակի միջոցով օրական ուղարկվել է մոտ 38 մլն հաղորդագրություն։ Այս համակարգի միջոցով ամեն տարի փոխանցվում են տրիլիոնավոր եվրոներ։ SWIFT-ը ունի նաև իր այլընտրանքները: Օրինակ, Ռուսաստանն ու Չինաստանն օգտագործում են իրենց սեփական համակարգերը, որոնք աշխատում են նույն ձևով, բայց դրանք գլոբալ առումով հաջողակ չեն:
Ո՞րն է SWIFT-ից անջատվելու վտանգը
Եթե ռուսական բանկերին արգելվի օգտվել SWIFT-ից, ապա նրանց համար շատ ավելի դժվար կլինի մուտք գործել աշխարհի ֆինանսական շուկաներ։ Արդյունքում, ռուսաստանյան բիզնեսի և երկրում բանկային հաշիվներ ունեցող անձանց համար շատ ավելի դժվար կլինի, թեև ոչ անհնար, ապրանքներ ներմուծել և արտահանել, վարկ վերցնել և ներդրումներ կատարել արտասահմանում:
Մոտ 300 ռուսական բանկեր և ֆինանսական հաստատություններ միջբանկային փոխանցումների համար օգտագործում են SWIFT համակարգը։ Ֆինանսական հաստատությունների աշխատանքի արգելքը նոր նախադեպ չի դառնա։ Իրանական որոշ բանկերի արգելվել է մուտք գործել SWIFT 2019թ.՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։
SWIFT-ից անջատումը կազդի ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպայի տնտեսության վրա։ Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները ARD հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ այդ պատժամիջոցները հղի են այնպիսի հետևանքներով, որ գուցե հնարավոր է «Գերմանիան դադարեցնի գազ և այլ հումք ստանալ Ռուսաստանից»։ Հաղորդվում է, որ այս մտահոգությունը կիսում են ԵՄ մյուս երկրները՝ Իտալիան, Հունգարիան, Կիպրոսը և Լատվիան:
Ռուսաստանին SWIFT-ից անջատելը կարող է մղել նրան հետևել չինական սցենարին կամ նույնիսկ գտնել բլոկչեյնի վրա հիմնված լուծումներ, - հաղորդում է Euronews-ը։
© Թոմ Բեյթման