Ֆինանսներ

Տնտեսական միջավայրի բարելավման աշխատանքներն արդյունքներ տվել են 2018թ. հեղափոխությունից հետո

Legatum ինստիտուտը հրապարակել է «Բարգավաճ ինդեքս-2021» զեկույցը, որտեղ Հայաստանն ամենաբարձր ցուցանիշն է արձանագրել ձեռնարկատիրական պայմանների և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ։ 

Radar Armenia -ն թեմայի շուրջ զրուցել է տնտեսագետ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ։

Պարոն Պապոյան, ըստ Legatum ինստիտուտի՝ Հայաստանն աշխարհում ամենամեծ բարելավումն է ունեցել 2011թ. ի վեր՝ 119-րդ տեղից զբաղեցնելով 48-րդ տեղը։ Ի՞նչ կասեք՝ դրա հետ կապված։

Իրականում կառավարությունը և Ազգային ժողովը Հայաստանում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, իմ գնահատմամբ, շատ մեծ աշխատանք են իրականացրել։ Միջազգային գնահատող կազմակերպությունները դա տեսնում են և Հայաստանին տալիս գերազանց գնահատական՝ փայլուն աշխատանքի համար։ Որպես խորհրդարանական, գիտեմ, որ մենք հսկայածավալ աշխատանք ենք իրականացրել, հարյուրավոր օրենքի փոփոխություններ ենք արել, և այդ բոլորը միտված են եղել Հայաստանում տնտեսական միջավայրի բարելավմանը։

Ո՞ր տարիներից է Հայաստանի տնտեսական աճն ավելի ակնառու դարձել։

Հայաստանում տնտեսական միջավայրի բարելավումը, մրցակցային պայմանների ավելացումը և շատ այլ բաների էական աշխատանքը սկսվել և արդյունքներ են տվել 2018թ․ հեղափոխությունից հետո։ Եվ հիմա տասնյակներով օրենսդրական նախաձեռնություններ կան, որոնք ուսումնասիրվում են, քննարկվում, փոփոխություններ են իրականացվում։ Դրանք բոլորն՝ առանց բացառության, միտված են Հայաստանում տնտեսական ազատությունների ու գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների ավելացմանը, տնտեսական միջավայրի բարելամանը։

Այսինքն, ըստ Ձեզ, Հայաստանը նպաստավո՞ր է՝ ձեռնարկատիրական պայմանների և ներդրումային միջավայրի բարելավման առումով։

Եթե քո սահմանները փակ են, կամ գտնվում ես կիսապատերազմական վիճակում, կամ քո քաղաքական ուժերը ամեն գնով ուզում են անկայունություն առաջացնել երկրում, բնականաբար, այդ ամենը բացասական է ազդում գործարարության զարգացման վրա։ Միևնույն ժամանակ, կան գործոններ, որոնք ավելի շատ քեզնից են կախված և քո կառավարման դաշտում են, ինչպես մրցունակության և մրցակցության պաշտպանության խնդիրները օրենսդրական բարձր մակարդակով լուծելը, պետական կառավարման համակարգում աշխատանքի արդյունավետության բարձրացումը, պետության կողմից հանրային ներդրումների և ենթակառուցվածքների ներդրումների ծավալների ավելացումը։ Տասնյակ այլ պատճառներ էլ նպաստում են մյուս կողմից, որպեսզի քո ներդրումային միջավայրը բարելավվի և լավանա։ Եվ եթե մենք հիմա 48-րդ տեղում ենք, այդ նշածս վատ գործոնները չլինելու դեպքում ավելի լավ դիրքում կլինեինք։

Legatum ինստիտուտին հակառակ՝ Heritage Foundation-ի հրապարակած տնտեսական ազատության ինդեքսի վերաբերյալ զեկույցի համաձայն, Հայաստանը դասվել է չափավոր ազատ երկրների խմբին։ Ինչպե՞ս է այսպիսի տարբերություն գրանցվում։

Գոյություն ունի մեթոդաբանության տարբերություն, ինչը կախված է նրանից, թե ինչին է մեծ ուշադրություն դարձվում։ Եթե երկրի քաղաքական ուժերը բանակին ներգրավում են քաղաքական պրոցեսների մեջ, դա ազդելու է բացասաբար, նաև՝ պատերազմն ու փակ սահմաններն են ազդում։ Կարևոր նշանակություն ունի, թե ով ինչի վրա է ուշադրություն դարձնում։ 

Կարծում եք՝ Հայաստանի տնտեսությունն առաջիկայում ավելի՞ զարգացում կունենա և ավելի՞ մեծ ցուցանիշներ կգրանցի։

Կան արտաքին ու ներքին հարցեր, և եթե ներքին խժդժություններ լինեն, բնականաբար, դրանց արդյունքում պետությունը կունենա խնդիրներ։ Եթե արտաքին դաշտում ինչ-որ բացասական փոփոխություններ լինեն, օրինակ, Ուկրաինայի հետ կապված հարցում Ռուսաստանի հանդեպ այնպիսի պատժամիջոցներ լինեն, որոնք Ռուսաստանի տնտեսության վրա մեծ ազդեցություն կունենան, նաև կազդեն Հայաստանի տնտեսության վրա։ Հնարավոր սահմանային լարումները  բացասական ազդեցություն կունենան կունենան, և, հակառակը, խաւղաղության պայմանագիր կնքելը կամ Թուրքիայի հետ սահման բացելը անվտանգային միջավայրը ավելի կբարելավի։ 
Հարցեր կան, որոնք առաջին հերթին մակրոտնտեսական են և ոչ այնքան կառավարելի, որքան այն հարցերը, որոնք կառավարելիության դաշտում են։ Այդ հարցերի համար պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի մեր մրցունակությունն ավելանա։


Լուսինե Գրիգորյան