Ֆինանսներ

Airbnb-ի 2021թ. ֆինանսական ցուցանիշները ռեկորդային են

Ամերիկյան բնակարանների ամրագրման ծառայություններ մատուցող Airbnb Inc. ընկերությունը 2021թ. չորրորդ եռամսյակում վերադարձել է մինչկորոնավիրուսային եկամտաբերության մակարդակ և գերազանցել նախկին ցուցանիշները։ Airbnb-ի հայտարարության մեջ ասվում է, որ ամրագրման ծառայությունների բիզնեսը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է համաճարակի հետևանքներից, ինչը հանգեցրել է չորրորդ եռամսյակի և անցյալ տարվա լավագույն ֆինանսական արդյունքներին: Airbnb-ն հոկտեմբեր-դեկտեմբերին գրանցել է 55 միլիոն դոլարի զուտ եկամուտ (կամ 0,08 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց)՝ նախորդ տարվա 3,9 միլիարդ դոլարի (կամ մեկ բաժնետոմսի դիմաց 11,24 դոլարի) վնասի դիմաց: FactSet-ի կողմից հարցված փորձագետները միջինը գնահատել են 0,04 դոլար մեկ բաժնետոմսի զուտ եկամուտ:

2021թ. ընթացքում ընկերությունը գրանցել է 352 միլիոն դոլարի զուտ վնաս: 2019թ. վնասը կազմել էր 674 մլն դոլար: Եկամուտը նախորդ տարվա համեմատ աճել է 77%-ով՝ հասնելով 6 միլիարդ դոլարի: Վերլուծաբանները միջին հաշվով ակնկալում էին 0,6 դոլարի կորուստ մեկ բաժնետոմսի դիմաց՝ 5,92 միլիարդ դոլարի հասույթով: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ընկերությունն ակնկալում է 1,41-1,48 միլիարդ դոլարի եկամուտ, իսկ վերլուծաբանները միջինը 1,23 միլիարդ դոլար են ակնկալում:

Airbnb-ն ծառայություն է, որը ճանապարհորդներին թույլ է տալիս անմիջապես բնակարանի տերերի հետ ամրագրել կացարաններ (հյուրընկալված սենյակներից մինչև մասնավոր կոտեջներ): Ծառայության համար ընկերությունը միջնորդավճար է վերցնում ինչպես տան սեփականատերերից, այնպես էլ վարձակալներից: Airbnb-ին իր ծառայություններով ներկա է աշխարհի ավելի քան 100․000 քաղաքներում: