Եվրո-2024

«Գրեթե ոչինչ չէի տեսնում»․ ֆրանսիացի ֆուտբոլիստը՝ Մբապեի դիմակի մասին

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին հայտարարել է, որ պաշտպանիչ դիմակը, որով խաղում է Կիլիան Մբապեն, չափազանց անհարմար է, հաղորդում է RMC Sport-ը։

«Այս դիմակը ես փորձեցի ինքս ինձ վրա և, իրականում, գրեթե ոչինչ չէի տեսնում։ Սա չափազանց անհարմար է: Կարծում եմ՝ շատ դժվար է նման պայմաններում խաղալը»,- ասել է Կոլո-Մուանին:

Ավստրիայի հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության առաջին տուրի խաղում Մբապեն քթի կոտրվածք էր ստացել, որից հետո ստիպված է խաղալ պաշտպանիչ դիմակով։

Հուլիսի 9-ին կայանալիք կիսաեզրափակիչ փուլի խաղում Ֆրանսիայի հավաքականը եզրափակիչ ուղեգրի համար կպայքարի Իսպանիայի ընտրանու դեմ։