Եվրո-2024

«Դեմիրալի որակազրկումը ոչ ե ֆուտբոլիստի, այլ Թուրքիայի դեմ էր»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ՈՒԵՖԱ-ի կողմից Եվրոպայի առաջնությունում թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի որակազրկումը քաղաքական դրդապատճառներով որոշում է անվանել, որը ստվեր է գցում մրցաշարի վրա։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է Գերմանիա կատարած ուղևորությունից վերադառնալիս՝ ինքնաթիռում գտնվող լրագրողների հարցերին ի պատասխան։

Նրա խոսքով՝ Դեմիրալի որակազրկումն ուղղված էր ոչ այնքան հենց իր ֆուտբոլիստի, որքան Թուրքիայի դեմ։ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի ազգային հավաքականը «փայլուն խաղով է պատասխանել իր նկատմամբ ցուցաբերված անարդարությանը»։

Հիշեցնենք, որ Դեմիրալը որակազրկվել էր Ավստրիայի ընտրանու հետ խաղում գոլը նշելիս «Գորշ գայլերի» ժեստի ցուցադրման համար։ Թուրքիայի հավաքականը դուրս է մնացել Եվրոպայի առաջնությունից՝ քառորդ եզրափակչում զիջելով Նիդերլանդների հավաքականին։