Եվրո-2024

ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Մերիհ Դեմիրալի նկատմամբ. The Sun

Մերիհ Դեմիրալը Ավստրիայի դեմ խաղում ցուցադրել է թուրքական «Գորշ գայլեր» ֆաշիստական խմբավորման ժեստը։

Նշվում է, որ այդ խաղում դուբլ ձևակերպած ֆուտբոլիստը դարպասի գրավումներից մեկից հետո ուլտրաաջ ազգայնականների խորհրդանիշն է ցուցադրել․ հաղորդում է The Sun-ը:

Հետաքննությունը սկսվել է ՈւԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, որն արգելում է ֆուտբոլային դաշտերում «քաղաքական, գաղափարական, կրոնական կամ ռասայական քարոզչություն պարունակող ցանկացած վարքագիծ» :

«Գոլը տոնելու միտք ունեի, իրականացրեցի։ Դա կապ ունի թուրքական ինքնության հետ։ Ես շատ հպարտ եմ, որ թուրք եմ, ուստի գոլից հետո դա զգացի ամբողջ էությամբ»,- ասել է Դեմիրալը։

Միջադեպը արձագանք է գտել նաև մարզական համայնքից դուրս։ Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը մտահոգություն է հայտնել. «Թուրքական ծայրահեղ աջերի խորհրդանիշները տեղ չունեն մեր մարզադաշտերում: Անընդունելի է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն օգտագործել որպես ռասիզմի հարթակ»։

Թուրքական իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքն արձագանքել է միջադեպին. «Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեզերի հայտարարությունն՝ ընդդեմ մեր ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի, և ՈւԵՖԱ-ի սկսած հետաքննությունն անընդունելի են։ Ռասիզմ և ֆաշիզմ փնտրողների համար տեղին կլինի կենտրոնանալ եվրոպական տարբեր երկրներում վերջին ընտրությունների արդյունքների վրա»,- ասել է Չելիքը։