Եվրո-2024

Ինչպես եղանակը միջամտեց Գերմանիա-Դանիա հանդիպմանը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Եվրո 2024-ի 1/8-րդ եզրափակչի շրջանակում նախօրեին Դորտմունդում ընթացող Գերմանիա-Դանիա հանդիպումը մրցավարը ստիպված էր ընդմիջել՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ 

Հանդիպման առաջին խաղակեսի 35-րդ րոպեին մրցավարը, հաշվի առնելով հորդառատ անձրևը, կայծակն ու կարկուտը, ֆուտբոլիստներին հանդերձարան ուղարկեց՝ առանց նշելու, թե երբ կվերսկսվի հանդիպումը։ Չնայած սաստիկ անձրևին՝ մարզադաշտում հավաքված երկրպագուների մեծ մասը չհեռացավ, ավելին՝ ոմանք վայելում էին ու պարում էին անձրևի տակ։

Հանդիպումն ի վերջո վերսկսվեց 25 րոպե անց, և գերմանացիներն արդյունքում 2։0 հաշվով հաղթանակ տարան՝ անցնելով 1/4-րդ եզրափակիչ։