Եվրո-2024

Գերմանիա-Շոտլանդիա՝ 5։1․ մեկնարկային խաղ՝ գոլառատ ֆուտբոլ

Եվրո-2024-ի խմբային փուլի մեկնարկային խաղում մրցեցին Գերմանիայի և Շոտլանդիայի հավաքականները։ Գերմանիայի ընտրանու առավելությունն ակնհայտ էր, ինչն էլ արտացոլվեց հաշվի վրա։ 

Հանդիպման 10-րդ րոպեին գերմանացիներին հաշվի մեջ առաջ մղեց Ֆլորիան Վիրցը, ընդամենը 9 րոպե անց բունդեսթիմի առավելությունը կրկնապատկեց Ջամալ Մուսիալան։ Առաջին խաղակեսի ավարտին՝ մրցավարի ավելացրած առաջին րոպեին, 11 մետրանոցից հաշիվը խոշոր դարձրեց Կայ Հավերցը։ 

Նիկլաս Ֆյուլկրուգը 68-րդ րոպեին 4-րդ անգամ շոտնանդացիների դարպասապահին ստիպեց գնդակը դուրս բերել ցանցից։ 87-րդ րոպեին Շոտլանդիան կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, ինքնագոլի հեղինակ դարձավ Անտոնիո Ռյուդիգերը։

Սակայն սա էլ դեռ վերջը չէր։ Մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին Էմրե Ջանը նաև 5-րդ գնդակն ուղարկեց Շոտլանդիայի դարպասը։ Գոլառատ հանդիպումն ավարտվեց 5։1 հաշվով՝ հօգուտ գերմանացիների։