Տեսակետ

Եթե մեր երկրում իրավաբանի դիպլոմով ԱԺ նախագահը չգիտի, էլ ի՞նչ ասեմ

«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ալեն Սիմոնյանը նոտարական պայմանագիր է հրապարակում, որ բնակարանը 2016-ին վաճառել է, իսկ «Փաստերի ստուգման հարթակը» Կադաստրից ստացված 2021թ. տեղեկանք է հրապարակում, որ բնակարանը Ալեն Սիմոնյանինն է: Հիմա ո՞ւմն է բնակարանը և ո՞վ է ճիշտ: Քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական գրանցման ենթակա, բայց պետական գրանցում չստացած գործարքն առոչինչ է։ Նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման։


Այսինքն՝ եթե անշարժ գույքի առուվաճառքի գործարքը չի գրանցվել Կադաստրի կոմիտեում, ապա այդ գործարքը առ ոչինչ է։ Եվ հենց սա է պատճառը, որ Կադաստրը տեղեկանք է տվել, որ Աբովյան փողոցի խնդրո առարկա բնակարանը իրոք Ալեն Սիմոնյանինն է:
Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը իրոք առ այսօր Աբովյան փողոցի 62 շենքի 6-րդ բնակարանի համասեփականատեր է, թեև 2016թ. դրա առուվաճառքի նոտարական գործարք է կնքել: Պարզապես, երևի Ալեն Սիմոնյանը ու բնակարանի գնորդը 2016թ. չգիտեին, որ պետք է Կադաստր գնային, ինչի արդյունքում, առանց հասկանալու, առ ոչինչ են դարձրել նոտարի մոտ կնքված գործարքը: Ուրիշ հարց է, թե որքանով Ալեն Սիմոնյանը գիտեր, որ այդ բնակարանը դեռ իր անունով է (որ հայտարարագրեր այն): Չգիտեմ, բայց եթե մեր երկրում իրավաբանի դիպլոմով ԱԺ նախագահը չգիտի, թե անշարժ գույքի գործարքը՝ որտեղ կնքել ու որտեղ վավերացնել և, ըստ այդմ, չգիտի, որ մի ամբողջ բնակարան դեռ դե-յուրե իրենն է... Ի՞նչ ասեմ»։