Տեսակետ

Եթե այսօր չանենք` կկորցնենք հավերժ

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ընկերներ ջան, գիտեմ` բոլորդ հոգնել եք որևէ բանի դեմ կամ հանուն պայքարելուց, բայց եթե այսօր չանենք, կկորցնենք հավերժ։ 
Արցախի մշակութային ժառանգության վերացման ադրբեջանական նոր, խիստ վտանգավոր ծրագրի դեմ պետք է համախմբել ողջ ներուժը, ոչ մի րոպե իրավունք չունենք  կորցնելու, պաշտոնական խողովակներով UNESCO և միջազգային այլ կառույցներ դիմելուց զատ, հանրության և գիտական շրջանակների աջակցությունը ևս ԽԻՍՏ անհրաժեշտ է, հատկապես՝ մեր սփյուռքի հայրենակիցների։ 

Համախմբվել և ակցիաներ կազմակերպել UNESCO-ի կենտրոնակայանի դիմաց (Փարիզում ում գիտեք Փարիզում ապրող, թեգեք), հստակ կոչերով և լոզունգներով, Արցախում արդեն իսկ ավերված և վանդալիզմի ենթարկված հուշարձանների նկարներ, փաստերով (Արցախի ՄԻՊ-ի կողմից մանրամասն ներկայացվել է, հղումները կդնեմ մեկնաբանության մեջ)։

Բրյուսելում ապրող հայրենակիցներ, նույնպիսի ակցիա-ցույց կազմակերպեք Եվրոպական խորհրդարանի առաջ, պահանջեք պատգամավորներից իրենց անունից դիմել UNESCO՝ պահանջեն ադրբեջանական իշխանություններից դադարեցնել պատմական նյութական արժեքների խեղումն ու հուշարձանների պղծումը։ 

Միջազգային համալսարանների  հայագիտական բաժինների գիտնականներ, միջազգային համալսարաններում աշխատող  դասախոսներ, անհատական կամ խմբային նամակներ հղեք UNESCO, մեր նամակների ու կոչերի հեղեղից պետք է օր ու արև չունենան, կազմակերպեք խնդիրը բարձրաձայնող  միջոցառումներ, հանդիպումներ, դասախոսություններ... 

ՀՀ Գիտությունների ազգային  ակադեմիայի պատմության, հնագիտության և ազգագրության  ինստիտուտներ, թանգարաններ,  ձեր միջազգային գործընկերներին ահազանգեք, նամակներ գրեք, ՄԻ՛ ԼՌԵՔ, վերջապես, սա  Արցախի և մեր լինելիության խնդիրն է։ 

Սփյուռքի հայրենակիցներ ջան, ինչպես պատերազմի օրերին էիք ակտիվ, այսօր էլ պետք է համախմբվեք, մեր ձայնն այստեղից շատ լսելի չէ, մինչդեռ  այսօր էլ մշակութային ցեղասպանություն են իրականացնում, արդեն պաշտոնապես, առանց թաքցնելու վերացնում են Արցախում հայկականության հետքը, իսկ դա այլևս բացառելու է ինքնորոշման իրավունքի պահանջի ու Արցախի հայկական մնալու որևէ հնարավորություն։ 
Տարածե՛ք, համախմբվե՛ք, չասեք` թող իշխանությունն անի, յուրաքանչյուրս մեր տեղում պետք է գործենք»։