«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Սոս Մարգարյանը տեղեկացրել է, որ Հայաստանում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է 165 հետցնցում, որից ամենաուժեղը 3 մագնիտուդ է եղել։ Նրա խոսքով, Սպիտակի երկրաշարժից հետո սա ամենաուժեղ ցնցումն էր տարածաշրջանում:
Մարգարյանը նաև հիշեցրել է, որ նախորդ տարի օգոստոսին նույն էպիկենտրոնում` Ջավախքի ընդարձակման գոտում, տեղի ունեցած երկրաշարժի առաջին օրը գրանցվել էր 69 հետցնցում, իսկ 40–րդ օրը հետցնցումների թիվը հասել էր 223–ի։
Ըստ նրա. «Փետրվարի 13-ին գրանցված 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ամենաուժգինն էր, քանի որ մագնիտուդը բարձր էր, շատերն են զգացել և վախեցել։ Եթե նախորդ տարվանից հաշվենք, մինչ այժմ տեղի ունեցած բոլոր երկրաշարժերը ուժեղ չեն եղել։ Բայց այս անգամ գրանցվել է 5.2 մագնիտուդ, որը համարվում է չափավոր ուժեղ և շատ հավանական է, որ երեկվա երկրաշարժի հետցնցումները տևեն մի փոքր ավելի»: