Ժամանց

Կենդանաբանական այգու յագուարը սատկել է

Երևանի կենդանաբանական այգու յագուարը սատկել է: Կենդանաբանական այգու տնօրեն Արևիկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ կենդանու մոտ որևէ կլինիկական ախտանշան վերջին 3-4 օրվա ընթացքում, բացի դժվարաշնչությունից, չի եղել: Կերից հրաժարվել է միայն նախորդ օրը երեկոյան:

Կենդանուն դիահերձել են: Նախնական ախտորոշմամբ, ըստ տնօրենի, պատկերը բնորոշ է քրոնիկ բրոնխոպնևմոնիայի. ախտահարված էին կենդանու թոքերը, բրոնխները, լյարդն ու փայծաղը:  Թոքերի շուրջ և տարածված կային նաև տեսանելի հյուսվածքներ, որ նորագոյացության կասկած է հարուցել: Լաբորատոր և դիահերձման պատասխանները պարզ կլինեն 3-4 օրվա ընթացքում:

Մկրտչյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նաև նշել է. «Յագուարին ներմուծել եմ ես Վրաստանի Հանրապետությունից, դեռ 2013թ.-ին: Կենդանին ընդամենը 3 տարի ցուցադրվեց, իսկ 2016թ.-ի վերակառուցումից հետո մինչ օրս պահվեց այգու կարանտինային շենքում, ուր ջեռուցումն իմ տվյալներով մշտապես խնդիրներ է ունեցել: Կենդանու հիվանդության պատմություն/անկետա գոյություն չունի: Կլինիկական ախտանիշներ նկարագրված չկան, սակայն ցանկացած կենդանաբույժ կհավաստի, որ բրոնխիտային - թոքային պրոցեսը ժամանակին չհայտնաբերելն ու չբուժելն անհետևանք մնալ չէր կարող: Հիստոպաթոլոգիան կտա բոլոր հարցերի պատասխանները, վերջնական եզրակացությունը կհաջորդի»: