Երևան

Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է

Հրազդան գետի վրա կառուցված 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է: Այն մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող նոր ճանապարհի ամենակարևոր ու պատասխանատու կառույցն է:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ նոր կամրջի վրայով շինարարների հետ միասին առաջին անգամ անցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարությունն ընթանում է ամբողջ թափով:

Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 9.4կմ է, միջին լայնությունը՝ 24մ: Այն ունի 7 ուղեանց, ինչպես նաև տրանսպորտային մեկ հանգույց՝ Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում:

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի երկարությունը 2.7կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26մ: Այն ներառում է Հրազդան գետի վրա կառուցված մետաղական կամուրջը, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակով-Բաբաջանյան փողոցների հատման վայրում առկա ճանապարհային հանգույցում:

Քաղաքապետարանից նաև տեղեկացնում են՝ «Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով համայնքն այսօր տարբեր ծրագրեր ու նախագծեր է դիտարկում՝ ճանապարհաշինությունից ավտոբուսների հավաքակազմի համալրում, տրանսպորտի համակարգման կենտրոնի ստեղծում ու լուսացույցների կառավարում: Արդեն իսկ բանակցություններ են ընթանում կառավարության հետ՝ ևս մեկ՝ Արշակունյաց-Իսակով նոր ճանապարհահատված կառուցելու նպատակով»։