Ավստրալիայի Սոմերսբի քաղաքի սողունների զբոսայգու ամենահզոր բնակիչը՝ Էլվիս կոկորդիլոսը լուրջ առողջական խնդիր է ունեցել: 4,80 մետր երկարությամբ կոկորդիլոսը ծնոտի վարակ է ունեցել, որի բուժման բացակայության դեպքում նրան սպառնացել է ընդհուպ մինչև անկում:
Կենդանուն օգնելու համար անհրաժեշտ են եղել 11 մասնագետ՝ զբոսայգու աշխատակիցներ և անասնաբույժներ: Ինչպես հայտնել են զբոսայգու ղեկավարությունից, սա եղել է իրենց պրակտիկայում ամենավտանգավոր օպերացիան:
Աշխատակիցները շաբաթներ շարունակ պատրաստվել են և մանրակրկիտ գործողությունների ծրագիր են մշակել: Օպերացիայի օրը երեք փորձառու աշխատակից կերակրով են գրավել Էլվիսին, այնուհետև նրա վերին ծնոտին պարան են կապել. կոկորդիլոսը սկսել է պտտվել ամբողջ ուժով: Միայն թմրեցնելուց հետո է հնարավոր եղել ռենտգեն կատարել և ծնոտը զննել:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կոկորդիլոսի ատամների վնասվածությունը ավելի թեթև է, քան ենթադրվում էր: Մի քանի ատամներ հանելու փոխարեն անասնաբույժները բուժել են բորբոքված հատվածները: Վնասված ատամները ժամանակի ընթացքում ինքնուրույն կընկնեն, իսկ դրանց տեղում նորերը կաճեն: Հաղորդվում է, որ մոտ մեկուկես-երկու տարի անց Էլվիսը կրկին լիարժեք ատամներ կունենա:
Զննումից և բուժումից հետո կենդանին առողջ վերադարձել է իր տարածքը: Նրա վիճակը կայուն է, ատամնաբուժական օգնությունը ներկա փուլում ավարտված է համարվում: