Փարիզի Սենտ-Օգյուստեն հրապարակում գտնվող Ժաննա դ’Արկի հեծյալ արձանը վանդալիզմի է ենթարկվել։ Ինչպես հաղորդում է Europe 1 ռադիոկայանը՝ հղում անելով մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրներին, անհայտ տղամարդը կոտրել և հափշտակել է արձանի սրի սայրը։
Տեղեկությունների համաձայն՝ տղամարդը բարձրացել է Ժաննա դ’Արկի հեծյալ արձանի վրա, կոտրել սրի սայրը և հեռացել դեպքի վայրից՝ այն իր հետ տանելով։ Ավելի ուշ նա ձերբակալվել է ոստիկանության կողմից՝ հանրային գույքին վնաս պատճառելու և գողության կասկածանքով։ Կասկածյալը ձերբակալվել է Փարիզի հյուսիս-արևմուտքում գտնվող Սեն-Լազար երկաթուղային կայարանի հարևանությամբ։ Նա տեղափոխվել է ոստիկանության բաժին, որտեղ իրավապահները պարզում են նրա գործողությունների դրդապատճառները։
Վանդալիզմի ենթարկված հուշարձանը նվիրված է Հարյուրամյա պատերազմի (1337–1453 թթ.) հերոսուհի Ժաննա դ’Արկին։ Այն կառուցվել է XIX դարի վերջին, իսկ հեղինակը ֆրանսիացի քանդակագործ Պոլ Դյուբուան է։ Քանդակը պատկերում է «Օռլեանի կույսին»՝ ձիու վրա, զրահավորված և աջ ձեռքում սուր բռնած։