Ձմեռ պապին ամենահայտնի «փոխարինողը» Սանտա Կլաուսն է, որն առավել տարածված է ԱՄՆ-ում։ Ըստ լեգենդի՝ նա ապրում է Լապլանդիայում, սակայն ունի մի քանի նստավայր, այդ թվում՝ հյուսիսային բևեռում։ Նվերներն ու քաղցրավենիքը Սանտան դնում է գունավոր բրդյա գուլպաների մեջ, որոնք պետք է նախօրոք կախել աչքի ընկնող տեղում։
Սանտային օգնում են էլֆերն ու թզուկները (նույն ուրախ թզուկները, որոնք եվրոպական և ամերիկյան քաղաքների սուրբծննդյան տոնավաճառներում եփում են տաք գինի)։ Իսկ թռչող եղջերուներից ամենահայտնին, անշուշտ, Կարմիր քթով Ռուդոլֆն է։
Ֆինլանդիա. Յոուլուպուկկի, համեմված գինի և մեղրակարկանդակ
Ֆինլանդիայում (և, հետևաբար, Լապլանդիայում) ունեն սեփական Ձմեռ Պապը՝ Յոուլուպուկկին («սուրբծննդյան այծ»), որին դեռ 19-րդ դարում պատկերում էին այծի մորթով և փոքրիկ եղջյուրներով։ Միակ «փոխարինողն» է, որ ընտանիք ունի. կինը՝ Մուորին, ձմեռվա մարմնավորումն է։ Նա վարում է տնտեսությունը, թրմում է հրաշալի գինիներ և թխում ամենահամեղ մեղրակարկանդակները։ Այս ամենը առատորեն կարելի է գտնել ֆիննական սուրբծննդյան տոնավաճառներում, սրճարաններում և խանութներում։
Ֆրանսիա. Պեր Նոել. իշուկ և փայտե կոշիկներ
Ֆրանսիայում երեխաներին նվերներ է բերում Պեր Նոելը։ Նա սահնակ և եղջերուներ չունի, նվերները տեղափոխում է իշուկով, որը փայտե կոշիկներով է։ Ինքը՝ կախարդը, շատ է սիրում կոշիկներ. նվերներն էլ դնում է հենց դրանց մեջ, ուստի երեխաները գիշերով կոշիկները դնում են բուխարու մոտ։
Նիդերլանդներ. Սինտերկլաաս, խողովակամաքրիչներ և ածուխ
Նիդերլանդներում և Բելգիայում ամանորի տոնական կախարդը կոչվում է Սինտերկլաաս՝ մի հոյակապ ծերունի սպիտակ երկար մազերով և բազմաշերտ կարմիր թիկնոցով, որը ձի է հեծնում։ Նա շատ նախապատրաստված է. դեռևս դեկտեմբերի 5-ին նավով ժամանում է Իսպանիայից։ Ամեն օր հեռուստատեսությամբ ցուցադրվում է «Սինտերկլաասի օրագիրը»։ Նվերները տներ է տանում Սև Պետրոսների՝ խողովակամաքրիչների բանակը։ Լավ երեխաները կոշիկների մեջ գտնում են նվեր, չարաճճիները՝ ածուխ։
Իսպանիա. սուրբծննդյան «կղելու» փայտ և այլ հրաշքներ
Ամանորին Իսպանիայում միասնական նվեր բերող չկա։ Տարբեր շրջաններում դա կարող է լինել բասկ ֆերմեր Օլենցերոն կամ Կատալոնիայի Կագա Տիոն՝ «կղող փայտը»։ Փայտին նկարում են ուրախ դեմք, գլխարկ են դնում, ծածկում վերմակով։ Երեխաները փայտիկներով ծեծում են այն՝ երգելով հատուկ երգ, և փայտը «կղում» է նվերներ, ընկույզներ, կոնֆետներ։
Իտալիա. Բաբբո Նատալե և Բեֆանա կախարդը
Իտալական Բաբբո Նատալեն շատ նման է Սանտային։ Եթե չի հասցնում, հունվարի սկզբին նվերները բաժանում է Բեֆանա կախարդը՝ Բաբա-Յագայի նման, բայց սուրբծննդյան գլխարկով և ավելով։ Նա պարկում կրում է քաղցրավենիք, սխտոր և ածուխ. լավ երեխաներին՝ շոկոլադ, չարերին՝ սխտոր կամ ածուխ։