Հիփ-հոփի հայտնի աստղ Շոն «Դիդդի» Քոմբսի պաշտպանները դիմել են ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանին՝ պահանջելով չեղարկել մարմնավաճառության հետ կապված մեղադրանքներով կայացված դատավճիռը կամ նվազեցնել նրա նկատմամբ սահմանված ազատազրկման ժամկետը։
Նրանց խոսքով՝ դատարանը պատժաչափը որոշելիս հաշվի է առել այն մեղադրանքների շրջանակում ներկայացված ապացույցներ, որոնցով Քոմբսը արդարացվել է, ինչն անարդար ազդեցություն է ունեցել դատավճռի վրա։
56-ամյա Քոմբսը պատիժ է կրում Նյու Ջերսիի դաշնային բանտում և, ըստ գործող դատավճռի, ազատ կարձակվի 2028 թվականի մայիսին։ Նա արդարացվել է կազմակերպված հանցավորության և սեռական թրաֆիքինգի մեղադրանքներով, սակայն մեղավոր է ճանաչվել օրենքի խախտման համար, որը վերաբերում է սեռական նպատակներով մարդկանց նահանգների միջև տեղափոխմանը։
Պաշտպանական կողմը պահանջում է Քոմբսի անհապաղ ազատում կամ պատժաչափի նվազեցում՝ նշելով, որ նմանատիպ գործերով սովորաբար սահմանվում է ավելի մեղմ պատիժ։