Ջեյմս Քեմերոնի «Avatar» ֆիլմաշարի երրորդ մասը՝ «Avatar: Fire and Ash»-ը, ցուցադրության առաջին օրերին համաշխարհային կինովարձույթում հավաքել է շուրջ 345 միլիոն դոլար։ Այս ցուցանիշը 2025 թվականի ընթացքում գրանցված երկրորդ ամենախոշոր մեկնարկն է աշխարհում։
Ֆիլմը ԱՄՆ-ում և Կանադայում հավաքել է 88 միլիոն դոլար, իսկ միջազգային շուկաներում՝ ևս 257 միլիոն։ Միակ ֆիլմը, որն այս տարի ավելի մեծ մեկնարկ է ունեցել, «Zootopia 2»-ն է։
Թեպետ նոր ֆիլմի մեկնարկը զիջում է նախորդ մասի՝ «Avatar: The Way of Water» ֆիլմի արդյունքներին, մասնագետները նշում են, որ «Avatar»-ի հաջողությունը պայմանավորված է ոչ թե արագ մեկնարկով, այլ երկարատև ցուցադրությամբ։ Դրան նպաստում են առաջիկա տոնական շրջանը, ինչպես նաև հանդիսատեսի դրական արձագանքները․ ֆիլմը ստացել է «A» գնահատական։
Ֆիլմի ստեղծման վրա ծախսվել է ավելի քան 400 միլիոն դոլար, և դրա վարձութային հաջողությունը վճռորոշ նշանակություն ունի «Avatar»-ի հաջորդ մասերի նկարահանման համար։ Ամենամեծ հաջողությունը ֆիլմը գրանցել է Չինաստանում, որտեղ առաջին օրերի եկամուտը գերազանցել է նախորդ երկու մասերի ցուցանիշները։
ԱՄՆ-ի և Կանադայի կինովարձույթի թոփ 10-ը
Comscore ընկերության տվյալներով՝ ուրբաթից կիրակի օրերի վաճառված տոմսերի հաշվարկով կինովարձույթի առաջատար տասնյակը հետևյալն է․
«Avatar. Կրակ և Մոխիր» (Avatar: Fire and Ash) — 88 մլն դոլար
«Դավիթ» (David) — 22 մլն դոլար
«Տնային սպասուհին» (The Housemaid) — 19 մլն դոլար
«Սպունջ Բոբ․ Քառակուսի տաբատներ փնտրելով» (The SpongeBob Movie: Search for SquarePants) — 16 մլն դոլար
«Zootopia 2» — 14,5 մլն դոլար
«Հինգ գիշեր Ֆրեդիի մոտ 2» (Five Nights at Freddy’s 2) — 7,3 մլն դոլար
«Չարքը․ ընդմիշտ» (Wicked: For Good) — 4,3 մլն դոլար
«Դհուրանդհար» (Dhurandhar) — 2,5 մլն դոլար
«Մարտի Սուպրիմ» (Marty Supreme) — 875 հազար դոլար
«Համնետ» (Hamnet) — 850 հազար դոլար