Ժամանց

ԱՄՆ-ի վերջին պենիները աճուրդում վաճառվել են 16,76 մլն դոլարով

ԱՄՆ-ի վերջին պենիները աճուրդում վաճառվել են 16,76 մլն դոլարով

Նրանք, ովքեր կարծում են, թե ամերիկյան մեկ ցենտանոց մետաղադրամը վաղուց կորցրել է իր արժեքը, կարող են վերանայել իրենց տեսակետը․ մետաղադրամների հավաքորդները միլիոնավոր դոլարներ են վճարել ԱՄՆ-ում շրջանառված վերջին պենիների համար։

Պենիի արտադրությունը դադարեցվելուց հետո՝ անցյալ նոյեմբերին, շրջանառության մեջ թողարկված վերջին մետաղադրամները հանվել են աճուրդի և մեծ հետաքրքրություն առաջացրել հավաքորդների շրջանում։

ԱՄՆ դրամահատարանը (U.S. Mint) անցած հինգշաբթի Stack’s Bowers Galleries-ի կազմակերպած աճուրդում վաճառել է երեք պենիից բաղկացած 232 հավաքածու՝ ընդհանուր 16,76 միլիոն դոլար արժողությամբ։

232-րդ՝ վերջին հավաքածուն, որը ներառել է երբևէ արտադրված վերջին երեք պենիները, վաճառվել է 800 հազար դոլարով։ Գնորդը այդ գործարքով ձեռք է բերել նաև այն երեք դրոշմամեքենաները, որոնցով հատվել էին Լինքոլնի պատկերով մետաղադրամները։

1793 թվականին շրջանառության մեջ դրվելիս մեկ պենիով հնարավոր էր գնել թխվածք կամ քաղցրավենիք։ Այսօր, սակայն, պենիները հիմնականում պահվում են ապակյա տարաներում կամ տան գզրոցներում։

Այնուամենայնիվ, մետաղադրամների հավաքորդների համար պենիները դարձել են պատմական ժառանգության արժեքավոր նմուշներ։

Յուրաքանչյուր հավաքածու ներառել է 2025 թվականի պենիներ՝ հատված Ֆիլադելֆիայի և Դենվերի դրամահատարաններում, ինչպես նաև 24 կարատանոց ոսկե պենի՝ որպես դարաշրջանի ավարտի խորհրդանիշ։ Բոլոր մետաղադրամների վրա պատկերված է եղել եզակի «Omega» խորհրդանիշ։

Ընդհանուր առմամբ պատրաստվել է 232 հավաքածու՝ խորհրդանշելով այն տարիների քանակը, որոնց ընթացքում պենին ներկա է եղել ամերիկյան մշակույթում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական