Հայտնի ռեժիսոր Ռոբ Ռայների որդուն՝ 32-ամյա Նիկ Ռայներին առաջադրվել է մեղադրանք իր ծնողների սպանության գործով:
Սպասվում է, որ Նիկ Ռայները առաջին անգամ դատարանի առջև կկանգնի չորեքշաբթի օրը:
Լոս Անջելեսի շրջանային դատախազ Նաթան Հոխմանը նշել է, որ դատախազությունը դեռ չի որոշել՝ կպահանջի՞ մահապատիժ այս գործով:
«Նրանց կորուստը աներևակայելի ողբերգություն է, և մենք վճռական ենք՝ պատասխանատվության ենթարկել մեղավորին», – ասել է Հոխմանը:
Լոս Անջելեսի ոստիկանապետ Ջիմ Մակդոնելը հավելել է. «Այս գործը սրտաճմլիկ է և խորապես անձնական: Այն վերաբերում է ոչ միայն Ռայներների ընտանիքին և նրանց մտերիմներին, այլև՝ ողջ քաղաքին»:
Հիշեցնենք, որ զույգը դանակահարված վիճակում հայտնաբերվել էր երկուշաբթի օրը՝ Լոս Անջելեսի արևմտյան հատվածում գտնվող հեղինակավոր Բրենթվուդ թաղամասի իրենց տանը: Ոստիկանության տվյալներով՝ Նիկ Ռայները ձերբակալվել էր մի քանի ժամ անց՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի մոտ գտնվող Էքսպոզիցիոն պարկի շրջանում (հանցագործության վայրից մոտ 22,5 կմ հեռավորության վրա) և դիմադրություն չէր ցույց տվել: