«Ավատար» ֆիլմաշարը տպավորում է ոչ միայն տեսողական լուծումներով, այլև երաժշտությամբ։ Կոմպոզիտոր Սայմոն Ֆրանգլենը պատմել է, որ երրորդ ֆիլմի՝ Avatar: Fire and Ash-ի երաժշտության վրա աշխատել է ամբողջ յոթ տարի՝ գրելով 1 907 էջ նվագախմբային նոտաներ և անգամ հորինելով նոր երաժշտական գործիքներ «Պանդորա» մոլորակի բնակիչների համար։
Ֆիլմում երաժշտությունը գրեթե անդադար է հնչում․ դրա քանակը մոտ չորս անգամ գերազանցում է սովորական հոլիվուդյան ֆիլմերին։ Ֆրանգլենը երաժշտության միջոցով փորձել է փոխանցել նաև հերոսների ցավն ու կորստի զգացումը, հատկապես՝ որդուն կորցրած Ջեյքի և Նեյթիրիի ներքին դրաման։
Նոր կերպարների՝ քամու վաճառականների համար ստեղծվել են Պանդորային հատուկ գործիքներ, որոնք իրականում պատրաստվել են և օգտագործվել նկարահանումների ժամանակ։ Ֆրանգլենի խոսքով՝ Ջեյմս Քեմերոնը կարևորում է իրականությունն ու ժամանակը՝ համոզված լինելով, որ որակյալ արդյունքը չի կարելի շտապել։
Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «Ավատար»-ի աշխարհը կառուցվում է մանրուքների վրա՝ սկսած պատկերից մինչև երաժշտություն։