Ժամանց

Իսլանդիան միացել է Եվրատեսիլյան բոյկոտին

Իսլանդիան միացել է Եվրատեսիլյան բոյկոտին

Իսլանդիան հայտարարել է,  որ չի մասնակցի «Եվրատեսիլ 2026»-ի երգի մրցույթին՝ միանալով Իսպանիային, Իռլանդիային, Սլովենիային ու Նիդեռլանդներին։ Այս 5 երկրները հետևողականորեն դուրս են եկել մրցույթից այն բանից հետո, երբ անցած շաբաթ պաշտոնապես հաստատվեց Իսրայելի մասնակցությունը։

Իսլանդիայի հանրային հեռարձակող RÚV-ի գլխավոր տնօրեն Ստեֆան Էյրիկսոնը հայտարարել է, որ  այս պահին մրցույթը ո՛չ խաղաղություն, ո՛չ ուրախություն է բերում, և այդ պատճառով ժամանակավորապես դուրս են գալիս մրցույթից։ Եվրատեսիլի տնօրեն Մարտին Գրինը նշել է, որ հարգում է մրցույթին չմասնակցելու մասին երկրների որոշումները և հույս ունի՝ շուտով նրանք նորից կմիանան:

Իսրայելի մասնակցության շուրջ լարվածությունը հատկապես ուժեղացել է Գազայի պատերազմի ֆոնին, ինչպես նաև՝ այն պնդումների պատճառով, թե իբր Իսրայելը փորձել է ազդեցություն ունենալ հանրային քվեարկության վրա այս տարվա մրցույթում։ Վիճակը հանգեցրել է կանոնների խստացման, որոնք ԵՀՄ-ն հաստատել է անցած շաբաթվա գագաթնաժողովում։

Իսրայելը Եվրատեսիլին մասնակցում է 1973-ից և հաղթել է չորս անգամ։ Իսլանդիան դեռևս չի հաղթել, սակայն երկու անգամ զբաղեցրել է երկրորդ տեղը։ Իսկ մինչ մյուսները դուրս են գալիս, Լեհաստանը հաստատել է, որ կմասնակցի, հայտարարելով, որ հավատում է՝ Եվրատեսիլը դեռ կարող է երաժշտության շուրջ միավորող հարթակ լինել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական