2025-ը աշխարհում «նշանավորվել է» պատերազմներով և լարվածությամբ․ հակամարտությունների թիվը հասել է Երկրորդ համաշխարհայինից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Գլոբալ խաղաղության ինդեքսի (GPI) տվյալներով՝ մի շարք երկրներ շարունակում են մնալ աշխարհի ամենաանվտանգ պետություններից՝ տարիներ շարունակ պահպանելով կայունությունն ու ներքին անվտանգությունը։
Տարածաշրջանային երկրների մեջ Հայաստանն առաջատար է. զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը։ Ադրբեջանը 95-րդն է, Վրաստանը՝ 109-րդ, Իրանն՝ 142-րդ, իսկ Թուրքիան՝ 146-րդ տեղը։Այս ցուցանիշները ցույց են տալիս, որ տարածաշրջանում խաղաղության մակարդակն ընդհանուր առմամբ միջինից ցածր է, իսկ տարածաշրջանի երկրներում առկա ներքին ու արտաքին մարտահրավերները զգալիորեն ազդում են բնակիչների առօրյա անվտանգության և կայունության վրա։
Անվտանգ երկրների ցանկը եզրափակում են Ուկրաինան ու ՌԴ-ն։
Ներկայացնում ենք ցանկը գլխավորող երկրները.
1. Իսլանդիա
Իսլանդիան, որ 2008 թվականից ի վեր զբաղեցնում է առաջին տեղը, շարունակում է մնալ աշխարհի ամենաանվտանգ երկիրը, առաջատար լինելով բոլոր երեք ցուցանիշներով՝ անվտանգություն, ցածր զինվածության և հակամարտությունների բացակայություն: Այս տարի երկիրը նույնիսկ 2% աճ է գրանցել՝ մեծացնելով ցուցակի երկրորդ տեղում գտնվող երկրի առավելությունը: Տեղացիների համար անվտանգության այս զգացումը ամուր տեղ է գտել առօրյա կյանքում: Հասարակական վստահությունը մեծ է․ մարդիկ առանց վախի քայլում են ուշ գիշերով, ոստիկանությունը զենք չի կրում, իսկ երեխաներին հաճախ թողնում են մանկասայլակներով դրսում։ Բնակիչները խաղաղության զգացումը կապում են նաև սեռային հավասարության ու սոցիալական արդար համակարգերի հետ։
2. Իռլանդիա
Իռլանդիան աչքի է ընկնում ցածր զինվածությամբ, ռազմական չեզոքությամբ և շատ թույլ արտաքին ու ներքին հակամարտություններով։ Երկիրը նաև դասվում է լավագույն տասնյակի մեջ սոցիալական ապահովության մակարդակով, հանցագործության և բռնության ցածր մակարդակով: Բնակիչները ասում են, որ այստեղ «բոլորը բոլորին օգնում են», և դա ստեղծում է վստահության մեծ միջավայր։ Երկիրը նաև մեծ նշանակություն է տալիս բնության և մշակութային ժառանգության պահպանությանը։ Իռլանդիայի հանգիստ բնությունը նույնպես նպաստում է խաղաղության զգացողությանը:
3. Նոր Զելանդիա
Այս տարի Նոր Զելանդիան բարձրացել է երկու հորիզոնականով և զբաղեցրել երրորդ տեղը՝ շնորհիվ անվտանգության ոլորտում կատարված բարելավումների, ինչպես նաև ահաբեկչության հետ կապված ցույցերի և հետևանքների ավելի քիչ քանակի: Որպես Խաղաղ օվկիանոսի կղզու պետություն՝ Նոր Զելանդիայի աշխարհագրությունը նրան բնական պաշտպանություն է ապահովում արտաքին բախումներից, բայց նրա ներքին քաղաքականությունը նաև թույլ է տալիս բնակիչներին հանգիստ զգալ: Երեխաները ոտքով գնում են դպրոց, մարդիկ դռները բաց են թողնում, իսկ վարորդները կանգ են առնում օգնելու, եթե ճանապարհի եզրին մեքենա է կոտրվել: Բացի սոցիալական պաշտպանության հզոր համակարգից և համընդհանուր առողջապահական խնամքի հասանելիությունից, նորզելանդացիները գնահատում են իրենց կապը բնության հետ։ Նոր Զելանդիայի անվտանգությունը և կյանքի դանդաղ տեմպը այն դարձնում են գրավիչ վայր ճանապարհորդների համար
4. Ավստրիա
Ավստրիան այս տարի նահանջել է չորրորդ հորիզոնական, սակայն նախկինի պես բարձր դիրքեր է զբաղեցնում բոլոր ոլորտներում։ Ինչպես Իռլանդիան, այնպես էլ Ավստրիան ունի սահմանադրորեն ամրագրված չեզոքության քաղաքականություն, ինչը խանգարում է նրան անդամակցել ՆԱՏՕ-ի նման ռազմական դաշինքներին: Այն թույլ է տալիս երկրին կենտրոնացնել իր ուշադրությունը և ռեսուրսները երկրի ներսում, ինչը թույլ է տալիս պետական ռեսուրսները ուղղել առողջապահությանը, կրթությանը և սոցիալական ապահովությանը։ Բնակիչները նշում են, որ այստեղ «անվտանգությունը ոչ միայն վիճակագրություն է, այլ զգացողություն»․ մարդիկ հանգիստ քայլում են գիշերով, տները հաճախ թողնվում են չփակված։
5. Շվեյցարիա
Շվեյցարիան զբաղեցնում է 5‑րդ տեղը՝ շնորհիվ իր երկարաժամկետ զինվորական չեզոքության, ներքին կայունության և շատ ցածր հանցագործության մակարդակի։ Երկիրը հայտնի է արդյունավետ ու անաչառ դատական համակարգով, վստահելի պետական կառույցներով և բարձր կյանքի որակով՝ զարգացած կրթություն, առողջապահական ծառայություններ և ուժեղ սոցիալական պաշտպանություն։ Բնակիչներն այստեղ զգում են անվտանգության բարձր մակարդակ՝ փողոցում երեկոյան քայլելիս կամ հասարակական վայրերում, իսկ համայնքային կարգապահությունը և քաղաքացիական պատասխանատվությունը նպաստում են խաղաղ ու հանգիստ առօրյա կյանքին:
6. Սինգապուր
Պահպանելով իր դիրքը վեցերորդ տեղում՝ Սինգապուր քաղաք-պետությունը միակ ասիական երկիրն է լավագույն տասնյակում (Ճապոնիան և Մալայզիան համապատասխանաբար զբաղեցնում են 12-րդ և 13-րդ տեղերը)։ Այն հատկապես բարձր տեղ է զբաղեցնում անվտանգության առումով, նույնիսկ պահպանելով մեկ շնչի հաշվով ռազմական ծախսերի աշխարհի ամենաբարձր մակարդակներից մեկը՝ զիջելով միայն Հյուսիսային Կորեային և Քաթարին: Ասիայի ամենաապահով շրջանը հայտնի է իր անվտանգությամբ, արդյունավետությամբ և կարգուկանոնի զգացումով։ Չնայած բարձր ռազմական ծախսերին՝ ներքին անվտանգությունը բացառիկ է․ բնակիչները հեշտությամբ քայլում են գիշերը, փողոցները կարգապահ են և վերահսկվող։ Թեպետ որոշ ազատություններ դեռ սահմանափակ են, երիտասարդ սերունդը ակտիվորեն նպաստում է բաց ու հանդուրժող հասարակության ձևավորմանը։
Պատրաստեց՝ Ալվարդ Բաղդասարյանը