Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի գրադարանում երկու զինված տղամարդ գողացել է ֆրանսիացի նկարիչ Անրի Մատիսի ութ գրաֆիկական աշխատանք և բրազիլացի Կանդիդո Պորտինարիի հինգ գրաֆիկական աշխատանք։Գողությունը կատարվել է ցուցահանդեսի ժամանակ՝ վերջին օրը։
«Նրանք զենքը ուղղել են պահակի ու տարեց այցելուների զույգի վրա»,– AFP-ին հայտնել է ոստիկանությունը՝ հավելելով,- «Հետո երկու տղամարդ մոտեցել է ապակե ցուցափեղկին, որտեղ պահվում էին աշխատանքները, դրանք դրել կտորե պարկի մեջ և դուրս եկել գլխավոր մուտքով»։
Տեղական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ թալանչիները նույնականացվել են տեսախցիկների միջոցով, և այժմ նրանց որոնում են իրավապահ մարմինները։
Գրաֆիկական աշխատանքները ներկայացված էին «Գրքից թանգարան» խորագրով ցուցահանդեսում, որը կազմակերպվել էր գրադարանի և Սան Պաուլուի ժամանակակից արվեստի թանգարանի (MAM) համատեղ ջանքերով։ Ցուցահանդեսը, որը բացվել էր հոկտեմբերին և ներկայացնում էր 1940-50-ական թվականների հազվագյուտ գրքեր ու աշխատանքներ, փակվել էր հենց այդ կիրակի։