Ճապոնիայի կայսրական ընտանիքի միակ զավակը՝ արքայադուստր Աիկոն, վերջին տարիներին հաճախ է շատ ջերմ վերաբերմունքի արժանանում։ Նագասակի կայսեր վերջին այցելության ժամանակ ճանապարհի եզրին հավաքված մարդիկ վանկարկել են «Աիկո, Աիկո»։
Դեկտեմբերի 1-ին լրացավ Աիկոյի 24-ամյակը։ Եւ նրա երկրպագուները կրկին բարձրաձայնում են Ճապոնիայի գահաժառանգության «միայն արական սերունդ» սկզբունքը փոխելու պահանջը։ Ըստ գործող օրենքի՝ կայսրի միակ զավակը՝ Աիկոն, իրավական հնարավորություն չունի դառնալ կայսրուհի։
Կանանց գահակալության թույլատրումը տարիներ շարունակ մնացել է չլուծված հարց։ Այս ընթացքում իրավիճակը ավելի է լարվել, քանի որ կայսերական տունը կանգնած է կրճատման վտանգի առաջ. երիտասարդ սերնդից այսօր միայն մեկ օրինական ժառանգորդ կա՝ կայսր Նարուհիտոյի դեռահաս զարմիկը՝ արքայազն Հիսահիտոն։
Մասնագետները նախազգուշացնում են, որ եթե շուտով չեղյալ չհայտարարվի կանանց արգելքը, կայսերական ընտանիքի գոյությունը կարող է լրջորեն վտանգվել։
Սակայն պահպանողական քաղաքական ուժերը, այդ թվում՝ վարչապետ Սանաե Տակաիչին, շարունակում են դեմ մնալ փոփոխություններին։
Արքայադուստր Աիկոն լայն հասարակական համակրանք է վայելում 2021 թվականից, երբ սկսել է հանդես գալ որպես չափահաս անդամ։ Ճապոնացիների շրջանում նա ընկալվում է որպես խելացի, բարեհամբույր, հոգատար ու միաժամանակ զվարճալի անձնավորություն։
Նրա ժողովրդականությունը հատկապես աճել է նոյեմբերին՝ Լաոս կատարած առաջին ինքնուրույն պաշտոնական այցից հետո, որտեղ նա ներկայացրել է իր հորը՝ կայսր Նարուհիտոյին։ Վեցօրյա այցի ընթացքում Աիկոն հանդիպել է Լաոսի բարձրաստիճան ղեկավարության հետ, այցելել պատմամշակութային օբյեկտներ և շփվել տեղացիների հետ։
Այս տարի նա մի քանի անգամ նաև ուղեկցել է ծնողներին Նագասակի ու Օկինավա կատարած այցերի ընթացքում։ Աիկոն հետևում է հոր օրինակին՝ կարևորելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգության հիշողությունը երիտասարդ սերին փոխանցելու գործը. Գրում է Associated Press-ը։