Ֆրանսիայում աճուրդում վաճառվել է Պիտեր Պոլ Ռուբենսի երկար տարիներ անհետացած նկարներից մեկը՝ «Խաչին գամված Քրիստոսը», ստեղծված 1613 թվականին։ Գլուխգործոցը հայտնաբերվել էր անցած տարի՝ Փարիզի առանձնատներից մեկում, որտեղ այն պահված էր ավելի քան 400 տարի։
Նկարը նախապես գնահատվում էր 1-2 մլն եվրո, սակայն վաճառվել է 2,3 մլն-ով։
Նկարի գոյությունը մինչ այժմ հայտնի էր միայն Ռուբենսի ժամանակակցի թողած փորագրությունից։ Իսկությունը հաստատվել է ռենտգենյան և գունանյութերի վերլուծությամբ։ Արվեստաբանների խոսքով՝ սա Ռուբենսի եզակի աշխատանք է, որտեղ ներկայացված է մահացած Քրիստոսը՝ խաչի վրա։
Ըստ արվեստաբանների՝ Ռուբենսը հաճախ է նկարել խաչելություններ, բայց հազվագյուտ դեպքերում է Քրիստոսին պատկերել խաչի վրա մեռած։ Սա միակ կտավն է, որտեղ երևում է արյունն ու ավիշը, որ դուրս են գալիս Քրիստոսի կողքի վերքից. Ռուբենսը նման բան նկարել է միայն մեկ անգամ։
Չնայած Ռուբենսը բազմաթիվ աշխատանքներ է ստեղծել եկեղեցու համար, այս կտավը (105,5 × 72,5 սմ) ամենայն հավանականությամբ նկարվել է մասնավոր հավաքորդի պատվերով։
Նկարը պատկանել է 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչ Բուգրոի ընտանիքին և այժմ առաջին անգամ հայտնվել է հանրային վաճառքի։