Հիթ դարձած «Zootopia»-ից մոտ տասը տարի անց Disney-ն ներկայացրել է ֆիլմի շարունակությունը, որը, քննադատների գնահատմամբ, զիջում է բնօրինակին։ Եթե առաջին մասը համարձակորեն էր անդրադառնում նախապաշարմունքների ու սոցիալական խնդիրների թեմաներին, ապա «Zootopia 2»-ում սատիրան զգալիորեն մեղմացել է։
Կենտրոնում կրկին Judy Hopps-ը (Ջենիֆեր Գուդվին) և Nick Wilde-ը (Ջեյսոն Բեյթմեն) են, որոնք այժմ ոստիկանության նորեկ գործընկերներ են։ Քննադատների կարծիքով՝ ֆիլմի հիմնական հմայքն ու հումորը պահպանվում են հատկապես Նիկի կերպարի շնորհիվ, որը Բեյթմենի լավագույն դերասանական աշխատանքներից է համարվում։
Սյուժեի առանցքում հակասությունների հարթումը, փոխհասկացման հասնելն ու տարբերությունների ընդունումն են։ Պարզվում է, որ օձերին դեռ արգելվում է մուտք գործել Zootopia, իսկ քաղաքի հարյուրամյակի նախապատրաստությունների ընթացքում Ջուդին բացահայտում է գաղտնի դավադրություն՝ ուղղված նրանց դուրս մղմանը։ Դեպքերը վերածվում են լայնածավալ հետաքննության, որն ընդգրկում է նոր կերպարներ և քաղաքի պատմական շերտերը։
Չնայած ֆիլմը շարունակում է առաջարկել բառախաղեր, հումորային դրվագներ և գունավոր կենդանական աշխարհ, քննադատները նշում են, որ գործողությունների զգալի մասը տեղափոխվել է Zootopia-ից դուրս, ինչի հետևանքով նվազել է առաջին մասին բնորոշ «մետրոպոլիսային» հմայքը։
«Zootopia 2»-ը ստացել է 4 հնարավորից 2.5 աստղ, ունի PG վարկանիշ և 108 րոպե տևողություն։