Ժամանց

Սիրո պատմություն Կաճաճկուտում. վրացական գառնանգղը ընտանիք է կազմել Հայաստանում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սիրո պատմություն Կաճաճկուտում. վրացական գառնանգղը ընտանիք է կազմել Հայաստանում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

2022 թվականին Վրաստանում տեղի բնակիչները գտել են հյուծված գառնանգղ, որը դանակ էր կուլ տվել։ Հաջող վիրահատությունից հետո թռչունի վրա GPS հետագծիչ տեղադրելուց հետո ազատ էին արձակել Թրիալեթի լեռնաշղթայում։

Կովկասում երկար թափառելուց հետո, գառնանգղը, փնտրելով համապատասխան տարածք և զույգ, վերջապես հաստատվել Հայաստանում՝ Ալավերդիի մոտ, Լոռում։ Այս մասին հետաքրքիր նյութ է պատրաստել վրացական ոչ կառավարական բնապահպանական Nature Conservation Georgia կազմակերպությունը, որն էլ իրականացրել է գառնանգղի պահպանման գործընթացը։

GPS տվյալները ցույց են տվել, որ հնարավոր բույնը Ալավերդի համայնքի Կաճաճկուտ գյուղի վարչական տարածքում է։ Վրացի հետազոտողները կազմակերպել են արշավ դեպի գյուղ և առավոտյան գառնանգղին նկատել արդեն ժայռի վրա, իսկ շուտով նրա կողքին հայտնվել է երկրորդը՝ նրա զույգը։

«Դժվար է նկարագրել այն ուրախությունը, երբ մեր թափառական գառնագղին տեսանք իր զույգի հետ»,- ասել է հետազոտող Լուկա Տկեմալաձեն։ 

Մոտակայքում գտնվել է նաև նրանց հնարավոր բույնը։

Առաջիկա ամիսներին հետազոտողները կհետևեն գառնանգղերի ընտանիքի կյանքին։ Հետազոտողները նպատակ ունեն դրամական միջոցներ հավաքել՝ ևս մեկ GPS հետագծիչի գնելու համար, որպեսզի հետևեն ձագերին։ Ողջ նախագիծը, ներառյալ՝ վիրահատությունը և արշավախումբը, ֆինանսավորվել է նվիրատվությունների միջոցով։

Այս պատմությունը սահմանային համագործակցության կարևոր օրինակ է՝ վրացի և հայ հետազոտողները միասնաբար կշարունակեն գառնանգղերի մոնիտորինգը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական