Լուվրում տեղի ունեցած թագավորական գանձերի գողության գործով դեպքից մեկ շաբաթ անց կան ձերբակալվածներ։ Ձերբակալությունները տեղի են ունեցել շաբաթ երեկոյան։
Radar Armenia-ն ներկայացնում է գործի հիմնական իրադարձությունների ժամանակագրությունը։
Հոկտեմբերի 10
Գողերը մտացածին պատրվակով հափշտակում են բեռներ տեղափոխելու համար նախատեսված սայլը։ Փարիզի դատախազ Լորանս Բեկկոն հայտնել է, որ նրանք հանդիպում են նշանակել բեռնատարի սեփականատեր ընկերության հետ և սպառնալիքներով, սակայն առանց բռնության, դուրս են եկել մեքենայով։
Հոկտեմբերի 19
9:00 – Լուվրի թանգարանը բացվում է այցելուների համար։
9:30 – Աշխատանքային համազգեստով հանդերձված գողերը կանգնեցնում են բեռներ տեղափոխելու համար նախատեսված սայլը թանգարանի մոտ։ Նրանք մեքենայի շուրջը տեղադրում են երթևեկությունը սահմանափակող նշաններ՝ ներկայացնելով, թե իբր շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Երկու հոգի վեր են բարձրանում սանդուղքով՝ հասնելով պատշգամբին և ներս մտնում պատուհանով։
9:34 – Գողերը ներխուժում են Ապոլոնի պատկերասրահի հարավային հատված։ Անվտանգության կառավարման կենտրոնում ազդանշան է հնչում։ Դահլիճում հերթապահ աշխատակիցը ռադիոկապով ահազանգում է հրամանատարական խմբին ներխուժման մասին։
9:35 – Գողերը կտրիչներով բացում են երկու ցուցափեղկերի ապակիները և հափշտակում թանկարժեք զարդերը։ Անվտանգության աշխատակիցները այցելուներին տարհանում են։ Թանգարանի տնօրենը անմիջապես զանգահարում է մոտակա ոստիկանություն՝ տեղեկացնելով ընթացիկ գողության մասին և խնդրելով շտապ միջամտություն։
9:36 – Հրամանատարական կենտրոնի ղեկավարն ակտիվացնում է հատուկ կոճակը՝ կապ հաստատելով Փարիզի ոստիկանության գլխավոր վարչության հետ։
9:37 – Թանգարանի բոլոր աշխատակիցներին ուղարկվում է հաղորդագրություն՝ պահանջով փակել բոլոր մուտքերը։
9:38 – Գողերը դուրս են գալիս նույն պատուհանով և փախչում դեպի արևելք երկու սպասող համախոհների հետ, որոնք նստած են սկուտերների վրա։ Նրանք թողնում են մի դեղին բաճկոն՝ նման շինարարների համազգեստին, ինչպես նաև գործիքներ, այդ թվում՝ կտրիչ։
10:34 – Սոցիալական ցանցերում հրապարակվում է «Այսօր առավոտյան Լուվրի թանգարանում կողոպուտ է տեղի ունեցել » գրառում։
Օրվա երկրորդ կեսին թանգարանի մոտակայքում հայտնաբերվում է Նապոլեոն III-ի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի զմրուխտներով զարդարված թագը, որը պարունակում է ավելի քան 1300 ադամանդ։ Սակայն գողերն իրենց հետ տարել էին ևս ութ անգնահատելի պատմական արժեք ունեցող առարկա։
Հոկտեմբերի 22
Թանգարանը վերսկսում է աշխատանքը։ Դատախազ Բեկկոն հայտնում է, որ գործում ներգրավված է շուրջ 100 հետաքննող, ինչպես նաև դատափորձագետներ, որոնք ուսումնասիրում են տեսանկարահանումներն ու իրեղեն ապացույցները։
Հոկտեմբերի 26
Դատախազ Բեկկոն հայտարարում է, որ շաբաթ երեկոյան կատարվել են ձերբակալություններ։ Ձերբակալվածներից մեկը պատրաստվում էր լքել երկիրը Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանով։ Դատախազը չի հայտնում՝ արդյոք որևէ գանձ վերադարձվել է։
Լուվրի թանգարանի գողությունը, որն աննախադեպ է վերջին տասնամյակների ընթացքում, շարունակում է մնալ Ֆրանսիայի իրավապահների ուշադրության կենտրոնում։
Պատրաստեց՝ Ալվարդ Բաղդասարյանը