Ժամանց

Հարսանիք՝ ավտովթարի վայրում

Հարսանիք՝ ավտովթարի վայրում

Քիրսթի Սաութերնը և Ռայան Մակլեոդը՝ Անգլիայի արևմուտքում գտնվող Վուսթերշիր կոմսությունից, ծանոթացել են սարսափելի ավտովթարից հետո, երբ Ռայանը հայտնվել էր մեքենայի տակ։ Այդ օրը՝ հինգ տարի առաջ, նրանք դեռ չէին կարող պատկերացնել, որ մի օր կվերադառնան նույն ճանապարհահատված՝ իրենց հարսանիքը նշելու, հայտնում է Goodnews Network-ը՝ նշելով, որ նրանց պատմությունը դարձել է իսկական սիրո հրաշք։

Ամեն ինչ սկսվել է այն պահին, երբ Քիրսթին, վերադառնալով լողի դասընթացից, նկատել է մի տղամարդու՝ մեքենայի տակ պառկած։ Նա հուսահատորեն բախում էր վարորդի դուռը՝ փորձելով ազատվել։ Առանց վարանելու, Քիրսթին վազել է դեպի մեքենան։

«Պարզապես դուրս թռա և նստեցի նրա կողքին։ Նա սեղմված պառկած էր, և ես պահում էի նրա գլուխը, որպեսզի կարողանար ավելի հեշտ շնչել։ Հիշում եմ՝ մտածեցի, որ նա շատ գեղեցիկ է․ նույնիսկ ստուգեցի՝ մատին մատանի կա՞, թե՞ ոչ»,- պատմել է Քիրսթին։

Նա մոտ 40 րոպե մխիթարել է Ռայանին, մինչև փրկարարները հասել են դեպքի վայր։ Երբ մեքենան վերջապես բարձրացրել են, պարզվել է, որ Ռայանի ոտքի կոճը ծանր վնասված է։

«Իրականում՝ գրեթե ոչինչ չեմ հիշում վթարից։ Երկու անգամ են ինձ հարվածել, բայց հիշում եմ միայն, որ սեղմված էի և դուռն էի բախում։ Չեմ տեսել Քիրսթիի դեմքը, երբ նա նստած էր իմ հետևում ու պահում էր ինձ»,- պատմել է Ռայանը։

Վիրահատությունից և երկարատև վերականգնման գործընթացից հետո Ռայանը սոցիալական ցանցերում հրապարակում է արել՝ վթարի ականատեսներին գտնելու համար։ Նրան արձագանքել է հենց Քիրսթին, և այդտեղից էլ սկսվել է նրանց շփումը։ Չորս տարվա հարաբերություններից հետո Ռայանը նրան ամուսնության առաջարկություն է արել։

Զույգն ամուսնացել է, իսկ հարսանիքի վայրերից մեկը հենց այն ճանապարհն էր, որտեղ տեղի էր ունեցել ճակատագրական դեպքը։

«Սա հիանալի պատմություն է, և մենք դեռ ամբողջությամբ չենք կարողանում հավատալ դրան»,- խոստովանել է Քիրսթին Սաութերնը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական