Ժամանց

Գողություններ թանգարաններից

Գողություններ թանգարաններից

Ինչպես հայտնի է, կիրակի օրը՝ հոկտեմբերի 19-ին, Փարիզի Լուվրի թանգարանից գողացել են 19-րդ դարի ութ անգնահատելի արժեք ունեցող զարդեր։

Radar Armenia-ն ներկայացնում է այս տարիների ընթացքում աշխարհի հայտնի թանգարաններից կատարված գողությունները։

Մոնրեալի Գեղարվեստի թանգարան, 1972թ.

Գողացվել են 18 կտավ, այդ թվում՝ Ռեմբրանդտի, Ռուբենսի և Կուրբեի աշխատանքները, ինչպես նաև 40 զարդ և արժեքավոր առարկա։ Գողացված ստեղծագործությունները, որոնց արժեքը գնահատվում էր 2 մլն դոլարով, չեն հայտնաբերվել։

Բոստոնի Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան, 1990թ.

Գողացվել են 13 կտավ, այդ թվում՝ Վերմեերի, Դեգայի և Ռեմբրանդտի աշխատանքները։ Կես միլիարդ դոլար արժողությամբ գողացված ստեղծագործությունները մինչ օրս չեն հայտնաբերվել, չնայած 2017 թվականին առաջարկված 10 մլն դոլարի պարգևին։

Ամստերդամի Վան Գոգի թանգարան, 1991թ.

Գողացվել է 20 կտավ, այդ թվում՝ «Կարտոֆիլ ուտողները»։ Դրանք հայտնաբերվել են կես ժամ անց՝ լքված մեքենայում, սակայն երեք կտավ վնասված էր։ 2002 թվականին ևս երկու կտավ՝ «Նյուենենի եկեղեցու ելքը» և «Շևենինգենի ծովի տեսարանը (փոթորիկ)», գողացվել են և հայտնաբերվել 16 տարի անց՝ Իտալիայում։

Վիեննայի Գեղարվեստի թանգարան, 2003 թ.

Գողացվել է Բենվենուտո Չելլինիի «Սալիերա» ոսկե քանդակը։ Այն հայտնաբերվել է երեք տարի անց՝ անտառում թաղված տուփի մեջ։

Օսլոյի Մունկի թանգարան, 2004 թ.

Գողացվել են «Ճիչ» և «Մադոննա» կտավները։ Դրանք հայտնաբերվել են երկու տարի անց՝ վնասված վիճակում։

Փարիզի Ժամանակակից արվեստի թանգարան, 2010 թ.

Գողացվել են Պիկասոյի, Մատիսի, Բրակի, Մոդիլյանիի և Լեժեի կտավները՝ 100 մլն եվրո արժեքով։ Գողը՝ Վյերան Տոմիչը, օգտվել է անվտանգության համակարգի անսարքությունից։ Կտավները չեն հայտնաբերվել։

Դրեզդենի «Կանաչ կամար» թանգարան, 2019 թ.

Գողացվել են 18-րդ դարի զարդեր, այդ թվում՝ 49 կարատանոց «Սաքսոնիայի սպիտակ ադամանդը»։ Գողերը դատապարտվել են 2023 թվականին՝ մասնակիորեն վերադարձնելով գողացածը։

Նիդեռլանդների Սինգեր Լարեն թանգարան, 2020 թ.

Գողացվել է Վան Գոգի «Նյուենենի քահանայի այգին գարնանը» կտավը։ Այն հայտնաբերվել է 2023 թվականին՝ IKEA-ի պայուսակում, փաթեթավորված փուչիկավոր թաղանթով։

Պատրաստեց՝ Արման Գալոյանը

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական