Գիտնականները հայտնաբերել են, որ Երկրի խորքերում կարող են պահպանված լինել նյութեր, որոնք ձևավորվել են մինչև այն հսկայական բախումը, որի արդյունքում առաջացավ Լուսինը։ Հոկտեմբերի 14-ին Nature Geoscience-ում հրապարակված ուսումնասիրության հեղինակները նշել են, որ հայտնաբերված քիմիական հետքերը կարող են լինել մեր մոլորակի վաղ՝ նախաերկրային շրջանի մնացորդներ։
Հետազոտության համաձայն՝ մոտ 4,5 միլիարդ տարի առաջ, երբ արեգակնային համակարգը նոր էր ձևավորվում, Մարսի չափի աստերոիդը բախվել է Երկրին։ Այդ բախման հետևանքով ձևավորվել է Լուսինը, և գիտնականները կարծում էին, որ այդ ժամանակ ոչնչացել են նախաերկրի բոլոր քիմիական հետքերը։
Սակայն ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է կալիում-40-ի պակաս հնագույն ժայռերում, ինչը, ըստ հետազոտողների, կարող է լինել նախաերկրի նյութի «հետքը»։ Նմուշները վերցվել են Գրենլանդիայից, Կանադայից և Հավայան կղզիներից։ Գիտնականները եզրակացրել են, որ Երկրի խորքերում պահպանվել են նյութեր, որոնք ձևավորվել են մոլորակի ամենավաղ շրջանում՝ միլիարդավոր տարիներ առաջ։