Կիրակի օրը՝ հոկտեմբերի 19-ին, Փարիզի Լուվրի թանգարանից գողացել են 19-րդ դարի ութ «անգնահատելի արժեք» ունեցող զարդեր։ Հանցագործները դեռևս չեն հայտնաբերվել։
Սա Լուվրի թանգարանից առաջին խոշոր գողությունը չէ։ Պատմության ընթացքում Լուվրը և այլ հայտնի թանգարաններ բազմիցս դարձել են նմանօրինակ աղմկահարույց հանցագործությունների թիրախ։
Radar Armenia-ն ներկայացնում է Լուվրից կատարված ամենահռչակավոր գողությունները։
1913թ. «Մոնա Լիզայի» անհետացումը
Լուվրից անհետացել էր Լեոնարդո դա Վինչիի աշխարհահռչակ «Մոնա Լիզա» կտավը։ Այն գողացել էր իտալացի աշխատող Վինչենցո Պերուջան, որը ցանկանում էր վերադարձնել նկարը Իտալիա։ Նա թանգարան էր մտել փակման օրը՝ աշխատանքային հագուստով, հանել նկարը պատից և երկու տարի թաքցրել Փարիզում։ 1913 թվականին Ֆլորենցիայում նա ձերբակալվել է, իսկ «Մոնա Լիզան» 1914 թվականին վերադարձվել է Լուվր։ Պերուջան դատապարտվել է ընդամենը յոթ ամսվա ազատազրկման։

1939 թվական
Հունիսի 11-ին Անտուան Վաթոյի «Անտարբեր» կտավը գողացվել էր կեսօրին։ Երկու ամիս անց ռուս նկարիչ Սերժ Բոգուսլավսկին խոստովանել է, որ գողացել է այն՝ վերականգնելու նպատակով։ Նա դատապարտվել է չորս տարվա ազատազրկման։
1976 թվական
Լուվրի Ապոլոնի սրահից, որտեղից տեղի է ունեցել վերջին գողությունը, գողացել են Շառլ X-ի զարդարված սուրը։ Երեք հանցագործները հարվածել են երկու պահակների և փախել։ Սուրը մինչ օրս չի հայտնաբերվել։
1983 թվական
Ռոթշիլդ ընտանիքի կողմից Լուվրին նվիրաբերված Վերածննդի դարաշրջանի սաղավարտը և զրահի մասը գողացվել են։ Դրանք հայտնաբերվել են միայն 2021 թվականին՝ ռազմական հնությունների փորձագետի ահազանգից հետո։
1998 թվական
Կամիլ Կորոյի «Սևրի ճանապարհը» կտավը գողացվել էր կեսօրին։ Այն դեռ չի հայտնաբերվել։ Կտավի արժեքը գնահատվում էր հարյուր հազարավոր եվրոներով։
Պատրաստեց՝ Արման Գալոյանը