Աշխարհում ֆիզիկայի երկու մեծագույն տեսությունները՝ Էյնշտեյնի հարաբերականությունը և քվանտային մեխանիկան, երբեմն միմյանց հակասում են։ Դրանք առանձին գործում են կատարյալ, բայց միասին՝ առաջացնում անլուծելի հարցեր սև խոռոչների, մութ նյութի, էներգիայի ու տիեզերքի սկզբի շուրջ։
Գիտնականների նոր աշխատանքը առաջարկում է համարձակ լուծում՝ տեղեկությունը կարող է լինել տիեզերքի ամենահիմնական բաղադրիչը, ավելի հիմնարար, քան՝ նյութն ու էներգիան։ Այս գաղափարը ձևակերպվել է որպես «Քվանտային հիշողության մատրիցա» (QMM)։ Ըստ այս տեսության՝ տարածաժամանակը կազմված է մանր բջիջներից, որոնք պահպանում են ամեն փոխազդեցության քվանտային «հետքը»։ Յուրաքանչյուր մասնիկ կամ ուժ թողնում է իր տպավորությունը այդ բջիջների վրա։ Այսինքն, Տիեզերքը պարզապես զարգացող համակարգ չէ՝ այն հիշողություն ունի։
Սև խոռոչների պարադոքսն էլ ստանում է նոր բացատրություն․ նյութը չի անհետանում, քանի որ դրա ինֆորմացիան պահպանվում է տարածաժամանակում։ QMM-ի հաշվարկներով՝ տարածաժամանակում կուտակված տեղեկատվական հետքերը գործում են այնպես, ինչպես մութ նյութը, բացատրելով գալակտիկաների արագ պտույտները։ Հաշվարկները ցույց են տալիս, որ Տիեզերքը կարող է պարբերաբար «ծնվել և մեռնել»։ Երբ տեղեկատվական հիշողությունը լցվում է, ընդլայնումը դադարում է, և սկսվում է նոր փուլ՝ «վերածնունդ»։ Ըստ գիտնականների՝ մեր տիեզերքը արդեն անցել է 3-4 նման ցիկլ։